‘Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի համապատասխանում ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին. Հայտարարություն’

1380

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում այն մասին, որ ՀՀ Կառավարության կողմից նորաստեղծ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի համապատասխանում անկախության, արդյունավետության, մասնակցության և մասնագիտական սկզբունքների վերաբերյալ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ և 36-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի և Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարություններին:

«Հաշվի առնելով, որ Կառավարությունը դեռևս որևէ էական քայլ չի իրականացրել Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների Հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից Վարչապետին 2014թ. նոյեմբերի 28-ին ուղղված ուղերձում բարձրացված հարցերի իրականացման ուղղությամբ,

Փաստելով, որ Կառավարությունը չի ընդունել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Հակակոռուպցիոն Կոալիցիայի և դրա անդամ կազմակերպությունների առաջարկները՝ ուղղված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում քաղաքացիական հասարակության լայն ներգրավմանն ու իրական մասնակցության ապահովմանը,

Նպատակ հետապնդելով Հայաստանում ունենալ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ և 36-րդ հոդվածների և միջազգային մյուս փաստաթղթերի, այդ թվում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի և Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությունների պահանջներին համապատասխան ձևավորված անկախ, արդյունավետ, մասնակցային և մասնագիտական Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ.

Դիտարկելով Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն երկխոսությունը որպես Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության նախապայման,

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Հակակոռուպցիոն Կոալիցիան որոշում է.

Ներկա փուլում ձեռնպահ մնալ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար անցկացվելիք մրցույթին Կոալիցիային անդամակցող հասարակական կազմակերպությունների թեկնածուներ առաջադրելուց և մասնակցելուց,

Շարունակել, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում իր ակտիվ դերակատարումը, մասնավորապես, իրականացնելով Կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ Խորհրդի գործունեության անկախ և մասնագիտական դիտորդում,

Միաժամանակ, խթանել Կառավարության հետ ակտիվ երկխոսությունը՝ Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ, արդյունավետ, մասնակցային, մասնագիտացված մարմին ստեղծելու և ապօրինի հարստացումը քրեականացնելու ուղղությամբ` այդ նպատակով ստեղծելով Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն փորձագիտական աշխատանքային խումբ»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում են շուրջ 70 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Միմինո’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Տեռոր, տեռոր մինչեւ վերջ’