‘Կոռուպցիա. Իշխանության սնունդն ու հենարանը’

5111

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը վերջերս հրապարակեց կոռուպցիայի ընկալման համաթիվը, համաձայն որի՝ Հայաստանը գտնվում է 95-99-րդ տեղում՝ 168 երկրների շարքում: Հայաստանի հետ այս ցուցանիշով նույն շարքում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սուրինամը, Մալին, Նիգերը, Եթովպիան, Ջիբութին, Դոմինիկյան Հանրապետությունը եւ այլք: Ընդ որում, 15 տարի առաջ Հայաստանը նույն սանդղակում 75-րդն էր:

2003-ի դրությամբ Հայաստանը՝ Թուրքիայի հետ միասին, կիսում էր 77-78-րդ տեղերը:  Դրան հաջորդող տարիներին դրությունն առավել վատթարացել է: Վերջին շուրջ տասը տարիներին միջազգային կառույցները լուրջ ներդրումներ են արել մեր երկրում՝ կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու նպատակով, եւ արդյունքում՝            Հայաստանն այժմ եզրափակում է առաջին հարյուրյակը: Շեշտենք, այս ցուցանիշն առկա է այն պայմաններում, երբ տարիներ շարունակ խոշոր ներդրումներ են արվել (միջինը՝ տարեկան մոտ 1 մլն դոլար) կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով: 2012-ից սկսած՝ կոռուպցիայի մակարդակով ո՛չ դրական, ո՛չ բացասական ուղղությամբ որեւէ տեղաշարժ չի եղել. այսինքն՝ լուրջ ներդրումների արդյունքն այն է, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը շարունակում է մնալ նույն՝ բարձր մակարդակի վրա:

Մեր տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը հիմա 119-րդն է, Վրաստանը՝ 48-րդը, այն դեպքում, երբ 2003-ին Ադրբեջանի հետ միասին կիսում էր 124-րդ տեղը:  Թուրքիան ներկայումս զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը, մինչդեռ, ինչպես նշեցինք, 2003-ին Հայաստանի հետ գտնվում էր նույն մակարդակի վրա: Այսինքն, մեր հարեւանները վերջին 10-15 տարում նկատելի առաջընթաց են գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, եւ միայն Հայաստանում կոռուպցիան ավելի է մեծացել: 

Ըստ «Թրանսփերենսիի» ուսումնասիրության արդյունքների, Հայաստանում ամենակոռումպացվածն իրավապահ, «ուժային» մարմիններն են եւ դատական համակարգը: Մասնավորապես, պաշտպանության նախարարությունը՝ ըստ կոռուպցիայի աճի, 1-ից 6 դասակարգման խմբերից գտնվում է չորրորդում, ինչը վկայում է կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայության մասին: Ըստ զեկույցի, կոռուպցիան Հայաստանում  համարվում է «էնդեմիկ եւ համատարած երեւույթ, որը թափանցել է հասարակության բոլոր ոլորտները»: Զուգահեռաբար՝ պարբերաբար կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ զեկույցներ են հրապարակում «Կովկասյան բարոմետր», «Բաց հասարակության ինստիտուտ», Policy Forum Armenia կազմակերպությունները, որոնք մոտավորապես նույն պատկերն են արձանագրում:

Ըստ այս զեկույցների, 2014-15 թթ. ակնհայտորեն իրավիճակը վատացել է երեք ոլորտներում՝ դատական իշխանություններ, իրավապահ մարմիններ ու ԿԸՀ: Այս երեք առանցքային ոլորտներում հետընթաց է արձանագրվել: Հակակոռուպցիոն պայքարով մտահոգ միջազգային կազմակերպությունները սովորաբար մի քանի խորհուրդներ են նշում Հայաստանի համար, մասնավորապես՝ «քայլեր ձեռնարկել, որ բիզնեսի եւ պաշտոնատար անձանց միջեւ իրական տարանջատում լինի», «ուժեղացնել կոռուպցիոն հանցագործոթյունների հետապնդումը՝ հաշվի առնելով, որ վերջին տարիների վիճակագրությունը ծայրահեղ ցածր է»: Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի իրական որակը հասկանալու համար բավական է նշել, որ Դատախազության պաշտոնական կայքի «Հակակոռուպցիոն պայքար» բաժնում ոչ մի տեղեկություն չկա՝ բացի համապատասխան օրենքներից արված հղումներից:

Ըստ «Թրանսփերենսի Ինթերնեշնլ»-ի զեկույցի մեկ այլ հատվածի, Հայաստանում դատարանները կախված են գործադիր իշխանությունից եւ ենթակա՝ կամայական միջամտության ու ազդեցության, հաճախ քաղաքական հետապնդումներ են իրականացնում:  Նշվում է, որ այս պայմաններում անկախ դատական համակարգի ստեղծումն անհնար է: Ընդ որում, բնակչության շրջանում արված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ դատական համակարգի նկատմամբ հանրության անվստահությունը շարունակում է մեծանալ: 

Մեկ այլ խնդիր է կրթական համակարգի կոռումպացվածությունը: Զեկույցի հեղինակները իշխանություններին խորհուրդ են տալիս հրատապ կարգով նախաձեռնել կրթության ապաքաղաքականացման գործընթաց, որով համակարգը կազատվի անհարկի ազդեցությունից:  Ըստ զեկույցի, Հայաստանում բուհեր ընդունվում է դպրոցների շրջանավարտների 46%-ը: Համեմատության համար՝ Ադրբեջանում այս ցուցանիշը չի գերազանցում 20%-ը, Վրաստանում` 33 տոկոսը: Ընդ որում, Հայաստանում տարեկան ուսման վարձը կազմում է մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի 35 տոկոսը: Այն դեպքում, երբ  Բելգիայում՝ 1,6%-ը, Իսպանիայում՝ 4,6, Իռլանդիայում՝ 15 տոկոսը եւ այլն: Մեկ այլ ուշագրավ ցուցանիշ՝ Հայաստանում համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի է տեղավորվում բուհ ավարտածների 4%-ից պակասը:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով՝ կոռուպցիան ՀՀ-ում այնքան է համակարգված ու համատարած, որ կարելի է ասել` իշխանությունն է ամբողջությամբ կոռուպցիայի մեջ, ոչ թե՝ իշխանության մեջ կոռուպցիա կա, ինչպես հաճախ բնութագրվում է կոռուպցիան: «Եթե կոռուպցիա չլինի, գործող իշխանական համակարգը կքանդվի», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Ըստ պատգամավորի, բոլոր փաստերը, միջազգային եւ տեղական անկախ կազմակերպությունների տվյալներն ապացուցում են, որ ոլորտում իրավիճակը գնալով վատթարանում է, կոռուպցիայի բարձր մակարդակը խանգարում է տնտեսության զարգացմանը, նպաստում է բնակչության արտահոսքին, հետեւաբար նաեւ՝ երկրի անվտանգության համար նորանոր ռիսկեր է ստեղծում:

Արամ Մանուկյանի խոսքով, վերջին շրջանում, հատկապես՝ նոր կոալիցիոն համաձայնագրի կնքումից հետո, իշխանությունների հավաստիացումները, թե պետք է «ընդդիմության գործուն մասնակցությամբ ապահովել կոռուպցիայի դեմ պայքարի գործուն համակարգ», առնվազն անլուրջ են: 

«Այդ դաշտը ղեկավարվում է քաղաքական իշխանության կողմից, եւ քաղաքական իշխանության համար կոռուպցիայի վերացումը կնշանակեր հենց իր՝ իշխանության վերացումը: Նրանք ոչ ցանկություն ունեն, ոչ էլ հնարավորություն՝ իրական պայքար մղելու կոռուպցիայի դեմ», — պնդում է Մանուկյանը:  

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’