‘Կոստանյանի տեղ չհասնող նամակը. Որտե՞ղ է կորել Պերմյակովի հարցով նամակը’

2841

Դեռևս հունվարի 15-ին՝ ցուցարարների ճնշման ներքո գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում հայտարարեց, թե ընդունում է ցուցարարների պահանջը և կդիմի ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկանին՝ Գյումրիում իրականացված սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու համար:

Հայտարարելուց մոտ 20 օր հետո՝ փետրվարի 3-ին, գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Կոստանյանն ի վերջո կատարել է իր «խոստումը»:

Հաղորդագրության մեջ բառացիորեն նշված էր. «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, հիմք ընդունելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում  ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածը, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»:

Էպիստոլյար ժանրի այս պատմության ամենաուշագրավ մասը սկսվեց հետո: Ոչ այդ օրը, ոչ հաջորդ օրը, ոչ դրա հաջորդ օրը, և ոչ էլ մինչ օրս, Կոստանյանի դիմումը այդպես էլ ՌԴ գլխավոր դատախազին չի հասել: Չի հասնում ու չի հասնում:

Համենայնդեպս, մեր բոլոր զանգերին ՌԴ Գլխավոր դատախազությունից պատասխանում են, որ դատախազ Չայկան Գևորգ Կոստանյանից որևէ նամակ չի ստացել: Նայում էին բազայում ու նայում, բայց չկար ու չկար: Փնտրում էին նույնիսկ այլ անուններով, ասենք, եթե նամակը ստացած լինեին ՀՀ Գլխավոր դատախազության անունով, և այնտեղ ինչ-ինչ ֆանտաստիկ պատճառներով Գևորգ Կոստանյանի անունն առկա չլիներ: Բայց դե՝ նամակը չկար:

Եւ այսպես, արդեն 7 օր:

Հիմա պատկերացրեք մի այսպիսի կենցաղային իրավիճակ: Դուք շարքային ՀՀ քաղաքացի եք, և պետք է շտապ նամակ ուղարկեք Մոսկվա: Պարզ է՝ նույնիսկ ամենաշարքային քաղաքացին կարող է դա անել ոչ միայն փոստով, այլև եթե փոխանցումը պետք է շատ շտապ կատարել, ապա մեկ օրվա մեջ գտնել մեկին, որը կարող է նամակը օդանավով տանել իր հետ և Մոսկվայում փոխանցել համապատասխան անձին:

Ի տարբերություն այդ քաղաքացու ահա, Գևորգ Կոստանյանի ունեցած ռեսուրսներն ավելի շատ են: Եւ ցանկության դեպքում, Կոստանյանը կարող էր նույնիսկ մեկ օրում նամակը հասցնել համապատասխան հասցեատիրոջը:

Ի՞նչ են անում պաշտոնյաները նման դեպքերում: Օրինակ՝ կարող են նամակն ուղարկել փոստով, կարող են նամակը փոխանցել ԱԳՆ, որն էլ որևէ աշխատակցի կամ այլ անձի հետ օդանավով կամ այլ միջոցով նամակը կարող է ուղարկել Մոսկվայում ՀՀ դեսպանատուն, որտեղից էլ նամակը կփոխանցվեր հասցեատրիոջը: Ի վերջո կա այսպես կոչված Ֆելդեգերյան փոստային ծառայությունը, որը համարվում է զինվորական և կառավարական ամենավստահելի կուրյերը: Բայց անկախ այն բանից, թե կապի որ միջոցով է փոխանցվում նամակը, այն ի վերջո պետք է մուտք գործի ՌԴ գլխավոր դատախազություն, և ԳՐԱՆՑՎԻ: Այսինքն, նամակի մուտքը չի կարող բազայում գրանցված չլինել, բայց այն տեղ հասնի: Եթե իհարկե, ինչ-որ մեկը այդ նամակը չի փորձել հանձնել առձեռն և առայսօր նստած է ՌԴ Գլխավոր դատախազի ընդունարանում ու ընդունելության է սպասում:

Այսպիսով, նամակը տեղ չի հասել: Դեռևս:  

Եւ ահա, անհանգստացած Կոստանյանի նամակի ճակատագրից, դեռ փետրվարի 7-ին մենք համապատասխան հարցում ուղարկեցինք ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով պատասխանել հետևայլ հարցերին.

«Գևորգ Կոստանյանը Վալերի Պերմյակովի հարցով ՌԴ իր պաշտոնակից պարոն Չայկանին ի՞նչ միջոցով է դիմել: 

Եթե դա պաշտոնական նամակ է, ապա այդ նամակն ի՞նչ եղանակով է փոխանցվել ՌԴ Գլխավոր դատախազին:

Ըստ ընթացակարգի, նման դեպքերում՝ նման եղանակով ուղարկված նամակները սովորաբար որքա՞ն ժամանակում են հասնում հասցեատիրոջը:

Նման ընթացակարգով ուղարկված նամակները հասցեատիրոջը հասնելու ժամկետները, եթե դրանք կարող են տարբեր լինել, ինչի՞ց են կախված»:

Առայսօր, սակայն, ՀՀ Գլխավոր դատախազությունը չի պատասխանել մեր գրավոր նամակին, իսկ այսօր էլ մեզ հետ զրույցում գլխավոր դատախազի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը ասել է, թե մեր նամակին կպատասխանեն օրենքով սահմանված ժամկետներում: Հիշեցնենք, որ տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը: Այսինքն, դեռ երկար կարող ենք սպասել հարցման պատասխանին:

Եւ ուրեմն, այս պահին ունենք հետևյալը.

Փետրվարի 3-ին Կոստանյանը պնդել է, թե դիմել է Յուրի Չայկային: Փետրվարի 10-ի դրությամբ նամակը դեռ հասցեատիրոջը չէր հասել, և հետևաբար ռուսական կողմի մոտեցումն այս հարցի շուրջ դեռ հայտնի չէ: Կոստանյանը ուներ և ունի բոլոր հնարավոր ռեսուրսները՝ նամակը նույնիսկ մեկ օրում տեղ հասցնելու: Այսինքն, նամակը վաղուց պետք է որ տեղ հասած լիներ, բայց արի ու տես, որ չի հասել: Ինչո՞ւ:

Եթե խելագարության կանխավարկածով առաջնորդվենք, ապա  կարելի է կարծել, թե Կոստանյանը կապի այնպիսի «բառադի» միջոցով է այն ուղարկել, որ նամակը ճանապարհին կորել է: Բայց այդ դեպքում Կոստանյանը պետք է բացատրություն տա՝ ինչո՞ւ է անվստահելի միջոցով ուղարկել: Եւ արդյո՞ք միտումնավոր չի արվել դա:

Խելագարության մյուս վարկածով առաջնորդվելու դեպքում կարելի էր կարծել, որ Կոստանյանն ինքը նամակը գրել է, ինքն էլ այն վերցրել ու ավտոստոպով ուղևորվել է Մոսկվա, որ առձեռն հանձնի անձամբ Չայկային: Ու հիմա Կոստանյանը ավտոմեքենաներ փոխելով՝ Լարսի կողմերն է հասել: Կամ էլ՝ արդեն հասել է Վլադիկավկազի մոտերքը: Էնտեղից էլ էլի ավտոստոպով որ շարունակի ճանապարհորդությունը, ապա մի շաբաթից գուցե տեղ հասնի:

Իսկ եթե մի կողմ դնենք խելագարության կանխավարկածը, ապա այլ բան չի մնում, քան կասկածել, որ հայկական կողմը միտումնավոր նամակը ժամանակին տեղ չի հասցնում, և փորձում է այնքան ժամանակ շահել, մինչև որ Պերմյակովի գործը հասնի այնպիսի աստիճանի, որ նրան հայկական կողմին հանձնելու հարցն այլևս ակտուալ չլինի: Ու հենց այդ ժամանակը գա, Կոստանյանը դեմքի անմեղ արտահայտությամբ կհայտարարի, թե ինքն իր խոստումը կատարել էր, բայց դե՝ ի՞նչ աներ, որ այն ուշ տեղ հասավ:

Հ.Գ. Ամեն դեպքում մենք դեռ սպասում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանին: Գուցե պարզվի, որ նամակն ուղարկվել է աղավնու միջոցո՞վ, և աղունիկը դեռ չի՞ հատել Հայաստանի օդային տարածքը: Կամ գուցե՝ պարզվի, որ նամակը կորել է ժամանակային անցքո՞ւմ՝ հայտնվելով զուգահեռ որևէ հարթության մեջ:

Իսկ գուցե ոչ մի նամակ էլ չկա՞ր: Ի վերջո, հայերենը ճկուն լեզու է, դիմել դեռ չի նշանակում նամակ գրել և ուղարկել:

Պարգև Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի դեսպանը վստահ է, որ Գյումրիի ողբերգության համար մեղավորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ’
Հաջորդ հոդվածը‘Կեղծ տեղեկանքով դատապարտյալը ամեն օր դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից. Քրգործ ՀՔԾ-ում’