‘Կոստանյա~ն, աղբյուրը բացահայտվել է, արի էս կողմ …’

2604

ՀՀ գլխավոր դատախազ Կոստանյանին, որ աննկարագրելի համառությամբ ուզում էր բացահայտել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի կողմից ըմբշամարտիկ, եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ նրա եղբոր դեմ կատարված ոտնձգության մասին «Հրապարակ» օրաթերթին եւ ilur.am-ին տեղեկություններ հայտնող աղբյուրը, ուրախ ենք տեղեկացնել, որ իր հայցով` մի փոր հացով Սերժ Սարգսյանի մոտ դատավոր աշխատող Գագիկ Խանդանյանի` աղբյուրը բացահայտելու վճռից շատ չանցած, սարսափահար աղբյուրը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորաբար ասվում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոստանյան դատախազի համբավը շատ վախենալու է, իսկ հայոց արդարադատությունը ալամ-աշխարհի ամենաթույն արդարադատությունն է, ի նկատի առնելով այն հանգամանքը, որ սրանք ընդունակ են աչքով տալ բոլոր լրատվամիջոցներին` ուրիշներին դաս ցուցանելու համար, խոստովանում եմ, որ ես եմ եղել այդ եւ այլ ԶԼՄ-երին տեղեկություններ հաղորդողը, այլ ԶԼՄ-ները չեն համարձակվել տեղեկությունները հաղորդել եւ այդպիսով աչքի չեն ընկել: Զարմանալի է սակայն, թե ինչու այդ նույն դատախազը անտեսում է հանցագործության բուն բացահայտումը, որի մանրամասներին տեղյակ են բոլոր գյումրեցիները, սկսած վեց տարեկանից, այդ պատմությունը Գյումրիում մտել է դպրոցների բոլոր դասարանների, քոլեջների եւ բուհերի ֆակուլտատիվ պարապմունքների ցանկը: Անհասկանալի է, որ օձին իր բնից հանող ու ցանկացած քանակությամբ քարկապ գցող ամենայն հայոց մենթապետական համակարգը, ընդունակ լինելով զանգվածային գաղտնալսումների, ունենալով գործակալական աշխարհում ամենախիտ բնակեցված ցանցը, անթիվ հարկազխտիկների եւ քրեական թափթփուկների ամենամեծ գլխաքանակով հաստիքացուցակը, իբր չի կարողանում այնպիսի մի ստից բան բացահայտել, ինչպիսին այս գործն է, ու դրա փոխարեն փորձում է աղբյուր չբացահայտող ԶԼՄ-ներին դատարանով ստիպել անել մի բան, ինչը վերջ կդնի ազատ լրատվության վերջին մնացուկներին երկրում: Հաշվի առնելով նաեւ այդ հանգամանքը, ստիպված եմ ինքնաբացահայտվել, այդ ես եմ տեղեկությունները հաղորդել լրատվամիջոցներին, արի եւ կեր ինձ, Կոստանյան, բայց մինչ այդ ավելի լավ կանես` բացահայտես վերջին 20 տարում լրագրողների հրկիզված 12 ավտոմեքենաների գործերից որեւէ մեկը, ԶԼՄ-ների եւ լրագրողների անձի եւ գույքի դեմ 200-ից ավելի չբացահայտված հանցագործություններից որեւէ մեկը, հետո նոր` արի: Հակառակ դեպքում` ՀՀ Սահմանադրական դատարանում դատավորի գործ չես ստանա: Հասցես. Գյումրի, Աբովյան եւ Չերազի փողոցների խաչմերուկ, ընձի համար կայնած եմ ստեղ: Քեզի պես` շատ են անցել-դառել: Հեղնար Աղբյուր: ՀԳ. Այս հայտարարության վերահրապարակման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Կոստանյան դատախազի վրով, զի չի կարողացել կանխել վերահրապարակումը»:

Վերահրապարակեց` Լեւոն Բարսեղյանը (091821363, չշփոթել, սա կոնցլագերի տված համարը չէ, այլ Օրանժի հեռախոսահամարը)

Լևոն Բարսեղյան

asparez.am

Նախորդ հոդվածը‘ԼՂՆ ՊՆ. Հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը’
Հաջորդ հոդվածը‘Խանութի սեփականատերը վեճի է բռնվել հարկային տեսուչի հետ’