‘Կոստա Ռիկան զայրացած է ՖԻՖԱ-ի վրա. Տեսանյութ’

962

Կոստա Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք կներկայացնի ԱԱ-2014-ի ընտրական փուլի՝ ԱՄՆ-ի հավաքականի հետ կայացած արտագնա հանդիպման արդյունքի (0:1) առնչությամբ։ Նշենք, որ խաղն ընթացել է ձյունառատ տեղումների պայմաններում։ 

Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկաների և Կարիբյան ավազանի երկրների (ԿՈՆԿԱԿԱՖ) գոտու խմբային մրցաշարի չորրորդ փուլի հանդիպումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների Դենվեր քաղաքում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով, հայտնում է Armsport.am-ը: 
Խաղը սպասարկող մրցավարը նույնիսկ ստիպված է եղել 55-րդ րոպեին կանգնեցնել հանդիպումը և մարզադաշտի սպասարկող անձնակազմին խնդրել՝ մաքրել կողմնորոշիչ գծանշումների վրայի ձյունը:

«Այս խաղը խայտառակեց ֆուտբոլը: Խաղի նկատմամբ կատարյալ անհարգալից վերաբերմունք ցույց տրվեց»,- ասել է կոստառիկացիների գլխավոր մարզիչ Խորխե Լուիս Պինտոն: Մասնագետը նշել է,որ իրենց բողոքը ՖԻՖԱ կուղարկվի այսօր՝ մարտի 23-ին: 
«Եթե իրերն անվանենք իրենց անուներով, ապա մեզ պարզապես թալանեցին: Ես երբեք նման պայմաններում չեմ խաղացել: Մենք պարզապես չէինք տեսնում գնդակը: Վստահ եմ, որ կհաղթեինք, եթե խաղաինք առանց ձյան խաղադաշտում»,- հայտարարել է Կոստա Ռիկայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Բոլանոսը: 
Մինչդեռ, ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սանիլ Գալատին համոզված է, որ մրցավարը ճիշտ որոշում է կայացրել՝ թիմերին խաղադաշտից վաղաժամ դուրս չբերելով։ 
«Ճիշտն ասած, մրցավեճի հետաձգումը երկու թիմերին էլ վնաս կտար: Պետք է հաշվի առնել, որ թե՛ մենք, թե՛ մրցակիցը երեքշաբթի՝ մարտի 26-ին անցկացնելու ենք հերթական հանդիպումը։ Ակնհայտ է, որ բոլոր վիճահարույց հարցերը վերաբերում էին խաղացողների անվտանգությանն ու գնդակը տեսնելու հնարավորությանը:Մրցավարը և խաղի տեսուչը որոշեցին շարունակել հանդիպումը: Կարծում եմ դա ճիշտ որոշում էր»,- ընդգծել է Գալատին:

Նախորդ հոդվածը‘Մանկամսուրի վրա հարձակված բելգիացուն պատիժ է նշանակվել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՍԴ նախագահին’