‘Կովալենկո. ՄՊՀ-ի մասնաճյուղը Երևանում կարող է դառնալ խոշոր ուսումնական կենտրոն’

1367

Երևանում Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացումը  խոշոր կրթական և գիտական կենտրոնի ստեղծման հիմք կարող է դառնալ, որտեղ ուսանելու կգան ոչ միայն հայ երիտասարդները, այլև Հայաստանի սահմաններից դուրս, այդ թվում՝ նաև Ռուսաստանում գտնվող բազում երիտասարդներ,   РИА Новости-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ՌԴ նախկին դեսպան, պատմական գիտությունների թեկնածու Վյաչեսլավ Կովալենկոն: Նա նշել է, որ վերջերս Հայաստանի մտավորական վերնախավի մի մասը վրդովվել է երկրում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունից, և  ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսաց լեզուն: «Ռուսաց լեզվի և նրա հետ կապված ամեն ինչի՝ գրականության, արվեստի, գիտության վրա են տեղում մեղադրանքներ բոլոր կողմերից, զգուշացումներ են հնչում, իբր՝ ազգային ինքնության կորստի, հայկական մտածողության քայքայման, հայրենասիրության ոչնչացման վերաբերյալ»,- ասել է Կովալենկոն: Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարությունը ջանում է դիմակայել ռուսաց լեզվի ընդդիմախոսների ճնշումներին՝ հասկանալով դրա անհրաժեշտությունը երկրի զարգացման հարցում: «Սակայն իր այդ խելամիտ քաղաքականության հարցում նա չի ստանում քաղաքական և հասարակական գործիչների աջակցությունը, ովքեր ներկայանում են իբրև ռուսաստանյան կողմնորոշման կողմնակիցներ»,- ափսոսանքով արձանագրել է դիվանագետը և ավելացրել, որ ռուսաց լեզվի ընդդիմախոսները նշում են, թե Ռուսաստանում ոչ մի հայկական դպրոց չկա: «Բայց ես մի ուրիշ բան ասեմ. կար, չէ՞, Մոսկվայում Հայկական գրքի տուն բացելու գաղափար: Գրքեր էին ընտրվել, տարածք՝ Մոսկվայի կենտրոնում, սակայն ո՛չ Երևանում և ո՛չ էլ Մոսկվայում ոչ մի հարգարժան մարդ չարձագանքեց օգնության կոչին», ասել է Կովալենկոն և հավելել, թե Հայաստանի գրողների միությունը, փոխանակ ռուսաց լեզվի դեմ պայքարելու, արժեր, որ զբաղվեր այդ հարցով: Ըստ Կովալենկոյի՝ ստեղծված իրավիճակը այդ հարցի քաղաքականացումն է Հայաստանում, հասարակական կարծիքի վրա ազդեցություն ձեռք բերելու համար ծավալված գաղափարական պայքարի հետևանքն է, որի պատանդն է դարձել ռուսաց լեզուն:

Ըստ Կովալենկոյի՝ ռազմավարական փոխհարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանին և Հայաստանին և արդեն բավական երկար ժամանակ պահպանում են խաղաղությունը տարածաշրջանում, ավելի մեծ բան են, քան ռազմատեխնիկական համագործակցությունը: «Դա և՛ հումանիտար մտերմությունն է, և՛ մշակութային փոխհարստացումը, որոնք մեզ օգնում են ոչ միայն խոսել մեկ լեզվով, այլև լինել հոգեպես մտերիմ ժողովուրդներ»,- եզրափակել է նախկին դեսպանը:

Նախորդ հոդվածը’11 մետրանոցի անսովոր իրացում եւ մրցավարի անսովոր որոշում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես պատահաբար ձերբակալեցին լրտեսին ‘