‘Կոտայքի մարզպետի «ինտուիցիան» հուշում է, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի ‘

908

«Մարզպետները չունեն պաշտոնավարման ժամկետ, իսկ ընտրությունների վերաբերյալ որևէ խնդիր չի քննարկվել: Գիտեք, որ ՀՀԿ-ն ընտրություններին առաջարկելու է ՀՀԿ նախագահ Սարգսյանի թեկնածությունը, իսկ մարզպետները կանեն առավելագույնը, որպեսզի մեր թեկնածուն ունենա առավելություն մնացած բոլոր թեկնածուների նկատմամբ: Այդ ժամանակահատվածում մենք գտնվում ենք արձակուրդի մեջ և որպես ՀՀԿ-ականներ՝ մասնակցում ենք քարոզարշավին՝ մեր թիմով մեր թեկնածուին համապատասխան ձայներ ապահովելու համար»: ilur.am-ի թղթակցի փխանցմամբ, այսօր ԱԺ-ում փոքրաթիվ լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ, ՀՀԿ անդամ Կովալենկո Շահգալդյանը՝ պատասխանելով այն  հարցին, թե  արդյոք մարզպետներին գալիք նախագահական ընտրություններում տրված է քվեների քանակ, որի ապահովումը կերաշխավորի մարզպետների հետագա պաշտոնավարումը:

Ի պատասխան լրագրողների այն դիտարկման, որ վերջինիս ղեկավարած մարզը աչքի է ընկնում ուժեղ մրցակցով, քանի որ ԲՀԿ-ն բոլոր ընտրությունների ժամանակ առավելություններ է ունեցել՝ Շահգալդյանն ասաց, որ իրենք կան, որպեսզի հաղթահարեն դժվարությունները:

Կոտայքի մարզպետը ավելացրեց  նաև, թե «ինտուիցիայով» զգում է, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի նախագահական ընտրություններում:

Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին պարբերաբար շրջանառվող լուրերին՝ Կովալենկո Շահգալդյանը տեղեկացրեց, որ իր պաշտոնավարման 12 տարիների ընթացքում պարբերաբար նման լուրեր են տարածվել:

«Հո բոլորը չեն կարող ինձ սիրել՝ չնայած ինձ սիրողներ էլ շատ կան, շահարկում են իմ անունը, քանի որ տեսքս դուր է գալիս, ես էլ իրենց համար անհասանելի եմ», — եզրափակեց Կոտայքի մարզպետը:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողի մոտ մի շարք հիվանդություններ են հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Քոբեյնի կոտրած կիթառը և Պինոքիոն ցուցահանդես-աճուրդի են մասնակցել ‘