‘Կորեական հարված՝ ռուսական ոճով. Ինչպես արտահոսեցին Սերժ Սարգսյանի կորեական արկածները’

2401

Ըստ շրջանառվող տեղեկությունների, կորեական մամուլում Սերժ Սարգսյանի ցողունային պատվաստումների մասին տեղեկությունները եւ ապա նրա հիվանդությունների ցանկը հրապարակելու ետեւում կանգնած է ռուսական կողմը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այս տարվա սկզբին ըստ իր մամլո ծառայության կարճատեւ արձակուրդի էր գնացել: Կարճատեւ արձակուրդը, սակայն, տեւեց մոտ երկու շաբաթ, եւ միայն կորեական ԶԼՄ-ների հրապարակումներից հայտնի դարձավ, որ Սարգսյանը այդ երկու շաբաթը անց է կացրել Հարավային Կորեայի կլինիկաներից մեկում, որտեղ ցողունային փոխպատվաստումների է ենթարկվել:

Դժվար է ասել, թե այս այցի մասին ինչեր կհորինեին իշխանությունները եւ պետական լրատվամիջոցները, բայց պարզ է մի բան՝ եթե չլինեին կորեական մամուլի հրապարակումները, ապա Բաղրամյան 26-ը ցողունաթերապիան խիստ գաղտնի կպահեր:

Կարելի է կռահել, թե կորեացիները որքան են նյարդայնացնում Սերժ Սարգսյանին: Հիմա արդեն վստահաբար կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի ծախսած փողերը ջուրն են ընկել: Իրոք, տհաճ է թաքուն գնալ բժշկի, իսկ հետո այդ մասին ամբողջ աշխարհն իմանա: Ավելին, կորեացիներն այնքան «լկտիացան», որ որոշեցին հրապարակել այն լուսանկարը, որտեղ Սերժ Սարգսյանը ոտքերը տաբուրետկային դրած ուշադիր լսում է, թե ինչ են ասում կորեացի բժիշկները:

Սա դեռ քիչ չէր, հիմա էլ կորեացիները որոշեցին հրապարակել Սերժ Սարգսյանի հիվանդություններից մի քանիսի անունները: Համաձայնվեք, սա աննախադեպ երեւույթ է: Ակնհայտ է, որ կորեացիները պարզապես ծաղրում են Սերժ Սարգսյանին: Կորեացիները նշում են, որ փոխպատվաստումներն արվել են բջիջների երիտասարդացման, ինչպես նաեւ կոկորդի եւ ձայնալարերի հետ կապված խնդիրների բուժման համար: Սարգսյանը նաեւ մի շարք այլ հիվանդություններ էլ է ուենցել: Մասնավորապես, ըստ հարավկորեական ԶԼՄ-ների՝ հրապարակված ախտորոշման մեջ նշվում է, որ Սարգսյանը ի թիվս այլ հիվանդությունների, տառապում է նաեւ արտրիտով, տենդինիտով եւ կոնքոսկրի ինչ-որ հիվանդությամբ: Ի դեպ, տենդինիտը բավական տհաճ եւ ցավոտ հիվանդություն է եւ հոդերի անշարժացում է առաջացնում:

Բայց հիմա հարց է առաջանում, թե կորեացիների ինչի՞ն էր պետք այս հիվանդությունների ցանկը հրապարակել: Ըստ շրջանառվող լուրերի, այս ամենի ետեւում կանգնած են ռուսաստանյան հատուկ ծառայությունները: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի անհասկանալի արտաքին քաղաքականության համար ռուսները ցանկանում են նաեւ այսպես պատժել Սերժ Սարգսյանին: Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ այս մասին տեղյակ են նաեւ Բաղրամյան 26-ում, այդ իսկ պատճառով էլ որեւէ գործողություն չեն ձեռնարկում հրապարակման աղբյուրի հետ բացատրական աշխատանք իրականացնելու համար:

Ասում են, որ երբ եվրոպացիները կազմակերպեցին կազինոների մասին հայտնի հարցը Սերժ Սարգսյանին, ռուսներին ադ գաղափարը դուր եկավ, բայց ռուսները դա քիչ են համարել, այդ իսկ պատճառով էլ որոշել են կորեացիների հետ համատեղ մի նոր անակնկալ պատրաստել Սարգսյանի համար: Այս ամենից հետո կարելի է կռահել, որ կորեացիները առաջիկայում կհրապարակեն արդեն բուն բուժման ընթացքի մասին պատմող լուսանկարներ:

Արթուր Բարսեղյան

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Ցանկության դեպքում կարելի բացահայտել գազի հարցով ողջ ճշմարտությունը’
Հաջորդ հոդվածը‘Գերությունից վերադառնալուց հետո Մամիկոն Խոջոյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել’