Կորոնավիրուսն աշխարհում․ Մահացության ռեկորդ ՌԴ–ում, բռնկում Ավստրալիայում

741

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 890 մարդ՝ սա ամենամեծ թիվն է համավարակի սկզբից ի վեր։

Օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդացության 25 769 նոր դեպք՝ 550-ով ավելի նախորդ օրվանից։

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ԱՄՆ-ում մահերի ընդհանուր թիվն անցել է 700 հազարից։ Նույն օրը հայտարարվել է, որ մեկ օրվա ընթացքում Նահանգներում վարակվել է 120 հազարից ավել մարդ, մահացել է կորոնավիրուսով  2457 հիվանդ։

Ավստրալիայում կիրակի օրը արձանագրվել է կորոնավիրուսի «Դելտա» շտամով վարակման 1900 նոր դեպք։ Վարակի բռնկումներ են նկատվել հիմնականում երկու՝ առավել խիտ բնակեցված նահանգներում՝ Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս։ Այս երկու նահանգներին է բաժին ընկնում մեկ օրվա ընթացքում հիվանդության 1887 դեպքը և 13 մահը։

Նոր Զելանդիան կիրակի օրը հայտարարել է սահմանը հատելու կանոնների խստացման մասին՝ Covid-19-ի բռնկման պատճառով։ Նորզելանդական  Air New Zealand  ավիափոխադրողը նույնպես հայտարարել է, որ փետրվարի 1-ից իր միջազգային չվերթներից օգտվել թույլ կտա միայն այն ուղևորներին, որոնք պատվաստման լրիվ կուրս են անցել։

Նոր Զելանդիայում համավարակի ողջ ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության ընդամենը 27 դեպք և վարակի մոտավորապես 4000 դեպք։ Համեմատաբար բարենպաստ վիճակը բացատրում են նրանով, որ համավարակի հենց ամենասկզբում Նոր Զելանդիան կոշտ սահմանափակումներ սահմանեց երկիր մուտք գործելու նկատմամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրսեն Հարությունյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըԱրսեն Մարտիրոսյանը՝ Մ23 Եվրոպայի չեմպիոն