Կորոնավիրուս․ ԱՀԿ-ն հորդորում է չշտապել պատվաստումը պարտադիր դարձնելու հարցում

614

Եվրամիությունը որոշում է, թե ինչպես դիմակայել «Օմիկրոն» շտամմի տարածմանը, որի մասին դեռ գրեթե ոչինչ հայտնի չէ։

ԵՄ առողջապահության նախարարները երեկ հանդիպել են, որպեսզի քննարկեն «Օմիկրոնի» տարածման հետ կապված իրավիճակը։ Եվրամիության յուրաքանչյուր երկիր, նախկինի պես․ ինքն է որոշում՝ ինչ անի, որպեսզի թույլ չտա հիվանդանոցների ծանրաբեռնվածություն և վարակվածության ու մահացության թվերի աճ։ Սակայն առողջապահության հարցերով եվրոպական հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը նախարարներին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել պատվաստմանը և սոցիալական հեռավորություն պահպանելուն ու դիմակներ կրելուն։ Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Քլյուգեն հայտարարել է, որ պարտադիր պատվաստում սահմանելը պետք է «բացարձակապես ծայրահեղ միջոց լինի, ինչը պետք է կիրառել՝ միայն երբ լրիվ սպառվել են մյուս բոլոր հնարավոր տարբերակները»։

Առայժմ ստույգ հայտնի չէ, թե որքանով է վտանգավոր «Օմիկրոնը»՝ վիրուսի մյուս տարբերակների համեմատ, և արդյո՞ք այն կարող է շրջանցել պատվաստման կամ հիվանդացած-առողջացած լինելու արդյունքում ստացված հակամարմինները։ Նախնական տվյալներն ընդամենը հաստատում են, որ այն առնվազն ավելի վարակիչ է։

ԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ այժմ վարակվածության աճ է նկատվում բոլոր տարիքային խմբերում, սակայն ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվում են 5-14 տարեկան երեխաների շրջանում։ Սակայն եթե երեխաների համար վիրուսն այնքան էլ վտանգավոր չէ, ապա նրանց համար, ում նրանք կարող են փոխանցել այդ վիրուսը՝ տատիկների ու պապիկների համար, այն կարող է մահացու լինել։

Մի շարք պետություններ կարծում են, որ «Օմիկրոնի» տարածումը կարող է կասեցնել միայն  երկիր մուտք գործելու արգելքը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆագելսման. «Բարսելոնայի» հետ խաղալու ենք մեր ամենաուժեղ կազմով
Հաջորդ հոդվածըCovid-19․ Իրավիճակը Եվրոպայում