‘«Կորչի՛ ֆաշիզմը». բելգիացիներն ընդդեմ ծայրահեղ աջերի’

1094

Երեքշաբթի երեկոյան Բրյուսելում, Եվրախորհրդարանի շենքի մոտ, 4-ից 5 հազար ցուցարարներ հավաքվել են հայտարարելու, որ Բելգիայում և ընդհանրապես Եվրոպայում ֆաշիզմը տեղ չունի:

«Մենք կոչ ենք անում միավորվել ընդդեմ ծայրահեղ աջ ուժերի, անկախ նրանից՝ դրանք խորհրդարանո՞ւմ են, կառավարությունո՞ւմ, փողոցներո՞ւմ, աշխատավայրո՞ւմ, թե՞ ուսանողական միջավայրում»:

Բողոքի կոչերը համացանցում սկսել են տարածվել կիրակի օրը եվրոպական քվեարկության արդյունքները հայտարարելուց մի քանի ժամ անց: Քվեարկությունը ցույց է տվել այնպիսի ծայրահեղ աջ կուսակցությունների հեղինակության աճ, ինչպիսիք են «Ազգային միավորումը» Ֆրանսիայում, «Լիգան» Իտալիայում, «Ֆլամանդական շահը» Բելգիայում:

«Եվրոպական ընտրությունների արդյունքները տասնամյակներ շարունակ իշխանությունների վարած քաղաքականության հայելային արտացոլանքն են, քաղաքականություն, որը լի է նեոլիբերալիզմով, սեքսիզմով, ռասիզմով, որոնք ավելի ու ավելի են տարածվում հասարակության մեջ»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ցուցարարները Եվրահանձնաժողովի ճանապարհին երթով անցել են Եվրախորհրդի շենքի մոտով, որտեղ այդ պահին եվրոպացի առաջնորդները ընթրիքի էին նստել: Չնայած ցուցարարների և անվտանգության ուժերի մեծ թվին՝ բողոքի ակցիան բավական խաղաղ է անցել, լուրջ միջադեպեր չեն գրանցվել:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ալբերտ II Բելգիացին ԴՆԹ թեստ է հանձնել’
Հաջորդ հոդվածը‘Կոսովո. Սերբիայի բանակը մարտական պատրաստվածության է բերվել’