Կուբայում հակակառավարական ցույցեր են բռնկվել

471

Կուբայի մայրաքաղաք Հավանայում և մի շարք այլ քաղաքներում բողոքի բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում ընդդեմ երկրի կոմունիստական կառավարության։

Ցուցարարները պահանջում են ազատություն, ժողովրդավարություն և իշխանությունների ավելի ակտիվ գործողությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։

Ինչպես հաղորդել է France Presse գործակալությունը, ցուցարարները վանկարկում են «կորչի՛ դիկտատուրան» և «մենք չե՛նք վախենում»։

Վերջին օրվա ընթացքում Կուբայում արձանագրվել է վարակի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ, և մարդիկ պահանջում են, որ իշխանություններն արագացնեն պատվաստումների տեմպերը։

Կուբայում հակակառավարական ցույցերը շատ հազվադեպ  իրադարձություններ են։ Վերջին անգամ նմանատիպ ցույցեր տեղի են ունեցել գրեթե 30 տարի առաջ։

Նախագահ Միգել Դիաս Կանելը ԱՄՆ-ին և ամերիկա-կուբայական մաֆիային է մեղադրել կղզում իրավիճակը լարելու հարցում։

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը աջակցություն է հայտնել ցուցարարներին։ «ԱՄՆ-ը Կուբայում պաշտպանում է արտահայտվելու և հավաքների ազատությունը և կդատապարտի իրենց իրավունքները պաշտպանող խաղաղ ցուցարարների նկատմամբ ցանկացած բռնություն կամ հարձակում»,- հայտարարել է Սալիվանը։

Reuters-ի տվյալներով՝ Հավանայի փողոցներում նկատվել են ուժային կառույցների ավտոմեքենաներ՝ գնդացիրներով։ Երկրի նախագահ Դիաս Կանելը կոմունիստներին կոչ է արել դուրս գալ փողոց և դիմակայություն ցույց տալ ցուցարարներին։ Նրա ասելով՝ հեղափոխությունը պաշտպանելու ժամանակն է վրա հասել ։

«Մենք պատրաստ ենք զոհաբերելու մեր կյանքը։ Նրանք ստիպված կլինեն անցնել մեր դիակների վրայով, եթե ուզում են հանդիպել հեղափոխության հետ։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք և կմարտնչենք փողոցներում»,-հայտարարել է Դիաս Կանելը պետական հեռուստատեսության եթերում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹբիլիսիում մահացել է ծեծված օպերատորը
Հաջորդ հոդվածըՍրեբենիցայի ողբերգության 26-րդ տարելիցը