‘Կուբայում ձերբակալված ամերիկացին ԱՄՆ իշխանություններից 60 մլն փոխհատուցում է պահանջում ‘

902

ԱՄՆ քաղաքացի Ալան Գրոսը , որը Կուբայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, դատի է տվել Միացյալ Նահանգների իշխանություններին և իր գործատու ընկերությանը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

2009-ին Գրոսը գործուղվել էր Կուբայի Հրեաների կենտրոն՝ USAID ընկերության ծրագրի շրջանակներում ինտերնետ հեռարձակում ապահովելու համար, սակայն ձերբակալվել էր տեղի իրավապահ մարմինների կողմից և մեղադրվել լրտեսության նպատակով արբանյակային հեռարձակման սարքավորումների անօրինական ներկրման մեջ:

Ալան Գրոսը, որը հույս ունի կրած վնասի դիմաց 60 մլն դոլարի փոխհատուցում ստանալ, մեղադրում է ԱՄՆ իշխանություններին և Development Alternatives Inc ընկերությանը՝ իրեն սպառնացող վտանգը չկանխելու և գործուղման ժամանակ առկա ռիսկայնության մասին իրեն չնախազգուշացնելու համար: Ըստ Գրոսի՝ ամերիկյան իշխանություններն անուշադրության են մատնել իրեն և համապատասխան միջոցների չեն դիմել իր նկատմամբ հարուցված դատական գործը դադարեցնելու համար:

Մինչ այդ ԱՄՆ իշխանությունները բազմիցս հանդես են եկել Գրոսին անհապաղ ազատ արձակելու պահանջներով: 2010-ին Կուբայի իշխանությունների հետ բանակցություններ են սկսվել Գրոսին ԱՄՆ-ում ձերբակալված կուբացի լրտեսի հետ փոխանակելու համար, որոնք, սակայն, արդյունք չեն տվել:

Նախորդ հոդվածը‘Պուտինը Գերմանիային առաջարկել է փոխանակվել ֆուտբոլի հավաքականներով’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը Reuters-ի ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’