‘ Կուբացի ընդդիմադիր բլոգերին ազատ են արձակել ‘

987

Կուբայի իշխանություններն ազատ են արձակել ընդդիմադիր Generation Y բլոգը վարող Իոանի Սանչեսին, հաղորդում է Reuters-ը: Լրագրողուհին ամուսնու և կուբացի մի քանի այլախոհների հետ միասին ձերբակալվել էր հոկտեմբերի 4-ին Բայամո քաղաքում: Իշխանամետ ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալման պատճառն  այն է, որ իբր Սանչեսը մտադիր է եղել«սադրանքներ կազմակերպել»  ընդդիմության ակտիվիստներից մեկի չկանխամտածված սպանության համար մեղադրվող ոմն իսպանացու դատավարության ժամանակ:

Իոանի Սանչեսը պատմել է, որ փակի տակ է գտնվել մեկ օր. իրավապահ մարմինների աշխատակիցները նրան մի քանի ժամ շարունակ հարցաքննել են, սպառնացել, որ քրեական հետապնդում կսկսեն նրա դեմ, բայց, ի վերջո, առանց որևէ մեղադրանք առաջադրելու՝ հոկտեմբերի 5-ի երեկոյան ազատ են արձակել: Սանչեսի խոսքերով՝ ինքը դեռ լրիվ ուշքի չի եկել կատարվածից, բայց կարող է «լիքը անեկդոտներ» պատմել իր ձերբակալության վերաբերյալ:

Իոանի Սանչեսը հայտնի է ոչ միայն Կուբայում,այլև նրա սահմաններից դուրս: Նրա Generation Y բլոգը, որը քննադատում է իշխանությունների վարած քաղաքականությունը, միջազգային լրագրողական մրցանակների է արժանացել, սակայն Սանչեսին թույլ չեն տվել երկրից դուրս գալ՝ այդ մրցանակներն ստանալու համար: Սանչեսի բլոգում մի անգամ գրառում է թողել Բարաք Օբաման: Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենը դատապարտել էր Սանչեսի ձերբակալությունը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Ռոնալդուն դժգոհ է, որ ոչ թե իրեն, այլ Ինյեստային են ճանաչել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Բոնդի ավտոմեքենան վաճառվել է 390 հազար դոլարով ‘