‘Կռիլով. ԼՂ հակամարտության գոտի ՆԱՏՕ-ի խաղաղապահներ մտցնելու մասին խոսակցություններն անլուրջ են, քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է’

1179

Վերջին 20 տարում իրավիճակն աշխարհում, մասնավորապես`Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զգալիորեն կերպափոխվել է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: «Անփոփոխ է մնում այն, ինչը համաշխարհային քաղաքականությունում միշտ է եղել`համաշխարհային և տարածաշրջանային խաղացողների տարբեր շահերը: Այդ պատճառով ՄԽ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը գործում է`ելնելով սեփական շահերից, որոնք կարող են համընկնել կամ մասամբ համընկնել գործընկերների շահերին, բայց կարող են նաև հիմնովին հակասել դրանց: Շահերի համընկնումը կայանում է այն բանում, որ ներկայումս համանախագահող երկրներից ոչ մեկը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի սկսմամբ»,- համոզված է Կռիլովը: Նրա գնահատմմաբ, ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքական գործիչների համար խիստ անցանկալի է բարդացնել հարաբերություններն ընտրողների այն հատվածի հետ, ովքեր հայկական ծագում ունեն: Դա տեղի կունենա նրանց համաձայնության, առավել ևս`կողմերին «խաղաղության պարտադրման» ուժային գործողության մասնակցության դեպքում:

Բայց գլխավորը, նրա կարծիքով, այն է, որ ղարաբաղյան հակամարտության գոտի ՆԱՏՕ-ի խաղաղապահներ մտցնելու հնարավորության մասին խոսակցություններն անլուրջ են, քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և անվտանգության երաշխիքներ ունի Ռուսաստանի կողմից: Ռուսաստանի համար արտաքին ուժային ճնշման ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծման սցենարն անընդունելի է, քանի որ դրա իրականացումը կհանգեցնի իր սահմաններին ԱՄՆ և ոչ տարածաշրջանային տերությունների ռազմական ներկայության մեծացմանը: «Ըստ որում, ինչպես ցույց է տալիս ամերիկյան խաղաղապահության 20-ամյա փորձը, դրա հետևանքները կործանիչ և ողբերգական են լինում ամենից առաջ այն ժողովուրդների, երկրների և տարածաշրջանների համար, որոնք ԱՄՆ ակտիվության օբյեկտի են վերածվել: Ի դեպ, ժամանակին Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև Գերմանիան հանդես են եկել Իրաքում ԱՄՆ գործողության դեմ: Այժմ ակնհայտ է, որ Իրաքում ԱՄՆ գործողություններն օգուտ չեն բերել ոչ ոքի`ներառյալ ամերիկացիներին»,- ամփոփել է Կռիլովը:

 

Նախորդ հոդվածը‘ Ռաֆայել Մարկես. Ես տուգանային հրապարակում Ռոբենի հանդեպ խաղի կանոնները չեմ խախտել (լուսանկարներ, շարժանկար)’
Հաջորդ հոդվածը‘Հուլիսի 1-ին՝ ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ‘