‘«Կրակ՝ ՀՀԿ-ի անունից»’

6304

Կրակը հանրապետականներից անպակաս է դարձել: Արդեն մի տարի է` կրակն ուղեկցում է նրանց: Մեկ Սամվել Ալեքսյանյանին (Լֆիկ Սամո), մեկ` Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո), մեկ` ՀՀԿ-ականներին ընդհանրապես ու ամբողջապես:

2011 թվականի ապրիլին հրդեհ բռնկվեց Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում: Մինչեւ հիմա համացանցում ամենաշատ դիտված հիթերից է համարվում այն լուսանկարը, որտեղ Ալեքսանյանն անձամբ` իր աշխատակիցների հետ, ռետինե ծակ խողովակով փորձում է մարել կրակը:

2012-ի մայիսին հրդեհ բռնկվեց Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքում: Հրդեհից հետո վերանորոգման աշխատանքները դեռ չէին ավարտվել, երբ այսօր պարզվեց, որ հիմա էլ հրդեհ է բռնկվել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի հենց կողքին կառուցվող կուսակցության նոր մասնաշենքի տանիքում:

Երեկ էլ` անկախության օրը, հրդեհ էր բռնկվել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում: Ու էլի վառվում էր տանիքը:

Չմոռանանք նաեւ 2012 թվականի մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի կազմակերպած նախընտրական վերջին ամփոփիչ հանրահավաք-համերգը: Հանրահավաքը դեռ չմեկնարկած, երբ դեռ հանդիսատեսին «տաքացնում էին» տեղական երգիչ-երգչուհիները, պայթեցին հայտնի փուչիկները, ինչի արդյունքում հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Տուժեցին անմեղ քաղաքացիները: Բայց կրակն էլի ՀՀԿ-ից էր:

Կրակը ՀՀԿ-ին հանգիստ չի տալիս: Արդեն քանի անգամ: ՀՀԿ-ի գլխին «կրակ է թափվում»: Աստծո պատի՞ժ է, ի՞նչ է: Տեսնես` հատկապես ո՞ր մեղքի համար:

 

Հ.Գ. «Ձեզնից ո՞վ այս բանին ականջ կդնի, ո՞վ ուշադրություն կդարձնի ու կլսի հետագա ժամանակների համար։ 24 Ո՞վ է Հակոբին մատնել թալանի և Իսրայելին՝ կողոպտիչներին։ Չէ՞ որ Տերը, Նա, ում դեմ մեղք էին գործում, ում ճանապարհներով չէին ուզում քայլել և ում օրենքին ականջ չէին դնում։25Ուստի Նա իր ցասումը, բարկությունն ու պատերազմի դաժանությունը թափեց Իսրայելի վրա։ Այն կրակի պես լափեց նրան բոլոր կողմերից, բայց նա ուշադրություն չդարձրեց։ Այն բորբոքվեց նրա դեմ, բայց նա իր սրտին մոտ չընդունեց դա»։ Եսայի, ԽԲ:1–25

Ո՞վ է մատնել Հայաստանը թալանի եւ Հայաստանին` կողոպտիչներին:  

 Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Մանչինի. Եթե Բալոտելին գոլեր խփի, ապա թող ծխի, որքան ցանկանում է’
Հաջորդ հոդվածը‘Կանադայում հայ վրիժառուի ձեռքով սպանված թուրք դիվանագետին նվիրված հուշարձան է բացվել’