‘«Կրասնոդար» — «Կուբան» հանդիպումը դրամատիկ վերջաբան ունեցավ, իսկ Օզբիլիզը գոլ խփեց’

787

Բացառիկ դրամատիկ վերջաբան ունեցավ Ռուսաստանի առաջնության 18-րդ տուր կրասնոդարյան դերբին՝ «Կրասնոդար» — «Կուբան» հանդիպումը:

Խաղի բացահայտ ֆավորիտ էր համարվում «Կուբանը», որն այժմ 4-րդ տեղում է եւ լրջորեն պայքարում է մեդալների համար: Սկզբունքային այս մրցավեճում հաշիվը 55-րդ րոպեին բացեց «Կուբանը». գեղեցիկ գոլով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը:

Գոլ բաց թողնելուց հետո «Կրասնոդարը» տիրեց նախաձեռնությանը, սակայն «Կուբանը» հաջողությամբ պաշտպանվում էր: 84-րդ րոպեին Օզբիլիզը փոխարինվեց, եւ մեկ րոպե անց «Կուբանը» գոլ բաց թողեց: Իսկ հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին անսպասելի հանգուցալուծում եղավ. «Կրասնոդարը» խփեց երկրորդ գնդակը եւ խաղն այդպես էլ ավարտվեց՝ 2:1, հօգուտ «Կրասնոդարի»:

«Կուբանի» կազմում հայտավորված էր նաեւ Մարկոս Պիցելին, սակայն նա չմասնակցեց հանդիպմանը:

Այս խաղից հետո «Կուբանը» շարունակում է մնալ 4-րդ տեղում, սակայն, ամենայն հավանականությամբ, տուրի մյուս հանդիպումներից հետո կզիջի դիրքերը: «Կրասնոդարը» 9-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Կրասնոդար» — «Կուբան»՝ 2:1

Շիպիցին՝ 85, Մարտինովիչ՝ 90+4 – Օզբիլիզ՝ 55

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է Միխեիլ Սաակաշվիլիին ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ. Հայաստանում օտարերկրյա ներդրումները կրճատվել են 35,2%-ով ‘