‘Կրասնոյարսկցի ցանցահենին մեղադրել են ՌԴ նախագահի կայքի վրա հարձակվելու համար’

796

Կրասնոյարսկի 30-ամյա մի բնակչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ նախագահի կայքի վրա հակերային գրոհ կազմակերպելու համար, հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԴԾ մարզային վարչությանը: Հետաքննության տվյալների համաձայն՝ մեղադրյալը 2012 թ. մայիսի 9-ին հատուկ ծրագրի օգնությամբ արգելափակել է նախագահի կայքը՝ ընդդիմադիր «Միլիոնների երթի» մասնակիցներին աջակցելու նպատակով: Տղամարդը հերքել է իր մեղքը՝ հայտարարելով, թե չի իմացել, որ այդ ծրագիրը կարող է վնաս հասցնել կայքին: «Սակայն հետաքննությամբ պարզվել է, որ նա գիտակցաբար է օգտագործել այդ ծրագիրը՝ նախագահի կայքի վրա գորհի նպատակով»,- ասվում է ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ:

2012 թ. նույնատիպ հանցագործության մեջ մեղադրվել էր Կրասնոյարսկի 19-ամյա մի բնակիչ, որը, հետաքննության տվյալներով, Anonymous խմբավորման կողմից ցանցում տեղադրված տեսահոլովակից ոգևորված՝ մայիսի 6-ին և 7-ին մասնակցել էր  կառավարության և նախագահի կայքերի վրա գրոհին:

Հիշեցնենք, որ «Միլիոնների երթը» Մոսկվայում անցավ մայիսի 6-ին՝ Վլադիմիր Պուտինի պաշտոնակալության նախօրեին, և ավարտվեց Բոլոտնայա հրապարակում ոստիկանության հետ ընդհարումներով: Այդ օրը, մոտավորապես ժամը 15:05, ՌԴ կառավարության կայքն իսկապես անհասանելի դարձավ և այդպես մնաց որոշակի ժամանակ: Մայիսի 9-ին, երբ Մոսկվայում ընդդիմադիր «հանրային զբոսանքներ» էին տեղի ունենում, գրոհի ենթարկվեց kremlin.ru կայքը: Այդ գրոհների պատասխանատվությունն ստանձնեց Anonymous-ը:  

Նախորդ հոդվածը‘Ձմեռային արձակուրդներն ավարտվեցին. Այսօրվանից դպրոցները վերսկսում են դասերը’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը բաց թողեց հաղթանակը Կառլսենի հետ պարտիայում’