‘Կրթական համակարգի «Ֆլեշ–ռոյալը»’

1365

Մաքսային միության մեջ մտնելու հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը սկսել է հաճախ շփվել կրթական համակարգի հետ։ Սեպտեմբերի 3–ից հետո նա նախ այցելեց ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ապա պոլիտեխնիկ։

Դժվար է ասել, թե արդյոք կրթական համակարգի հետ շփվելը պայմանավորված է ռուսական գիմնազիաների բացումը Հայաստանում կազմակերպելու պուտինյան ցանկությունը բավարարելու՞, թե՞ այլ նպատակով։

Եթե Սերժ Սարգսյանին, իրոք, հետաքրքրում է կրթական ոլորտը, ապա նա պետք է այցելի ոչ թե Արմեն Աշոտյանի աշխատավայր, այլ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության գրասենյակ, քանզի ոլորտի յուղոտ պատառներին, մասնավորապես՝ ընդունելության քննություններին տիրապետում է «բարեպաշտ» Բարսեղը, ով իր դրածո Մանուկ Մկրտչյանի օգնությամբ ստվերային կառավարում է իրականացնում կրթական համակարգում։

Ներիշխանական անցուդարձից տեղյակների փոխանցմամբ՝ բենզին ծախելուց, պետպատվերի շրջանակներում դիզվառելիքի սպառում ապահովելուց և «Արարատ» բանկի միջոցով փողեր պտտեցնելուց ազատ ժամանակ Բարսեղ Բեգլարյանը զբաղված է նաև մատաղ սերնդի հարցերով։

Չար լեզուները պնդում են, որ ընդունելության քննություններում «դաբրոյի» իրավունքը Սերժ Սարգսյանը տվել է հենց «Ֆլեշի Բարսեղին»։ Նա էլ ամեն ինչ կազմակերպում է «արդարաբար»՝ ելնելով «բարեպաշտության» սկզբունքներից։

Այնպես որ` Սերժ Սարգսյանը կրթական թեմաներով ելույթներ պետք է ունենա ոչ թե համապատասխան նախարարությունում կամ կրթական հաստատություններում, այլ «Ֆլեշի» գրասենյակում։ Այդպես ավելի բաց ու թափանցիկ կլինի։

Գևորգ Դավթյան

 

Նախորդ հոդվածը‘Դատավորները հեռացան գոռոցների ներքո. Հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 7-ին’
Հաջորդ հոդվածը‘ Կոնտե. Մենք չէինք թերագնահատել մեր մրցակցին’