‘Կրիշտիանու Ռոնալդու. Այժմ կարեւորը Չեմպիոնների լիգան է’

876

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ ակումբի  համար ներկայումս գլխավոր նպատակը դարձել է Չեմպիոնների լիգան:

«Հաշվի առնելով, թե ինչպես է ընթանում այս մրցաշրջանը, «Ռեալի» գլխավոր նպատակը դառնում է հաղթանակը Չեմպիոնների լիգայում: Բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն թիմի նկատմամբ, ցանկանում են, որ «Ռեալը» 10-րդ անգամ նվաճի Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Անցած տարի մենք սայթաքեցինք ամենավերջում, դա շատ տհաճ էր:

Բայց այս տարի մենք մրցաշարում հաղթելու հիանալի հնարավորություն ունենք: Չնայած այն հանգամանքը, որ մենք հանդիպում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, բարդացնում է խնդիրը: Կարծում եմ, հնարավորությունները հավասար են, չնայած ես վստահ եմ մեր հաջողության մեջ:

«ՄՅՈւ»-ն հիանալի է հանդես գալիս Անգլիայի առաջնությունում, սակայն մենք կարող ենք հաղթել նրան, եթե լավագույն մարզավիճակում լինենք:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե մոտ ապագայում ես կարող եմ փոխել ակումբը, ապա նշեմ, որ մտադիր եմ «Ռեալում» խաղալ մինչեւ պայմանագրի վերջը, դա միանշանակ է: Իսկ ինչ կպատահի հետո, չգիտեմ»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2015 թվականի հունիսին:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. ՀՀԿ-ում պետք է հետ վարժվեն ընտրողներին կաշառելուց ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուս-վրացական բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա փետրվար ամսին’