‘Կրկին լուրեր ապագայից. Վարչապետը դեպի Չինաստան հայկական ապրանքների մեծ հոսք է կանխագուշակում’

1107

2014 թվականին Հայաստանն զգալիորեն կավելացնի կոնյակի, ծխախոտի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Չինաստան: Փետրվարի 14-ին այդ մասին հաղորդել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը նշել է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչը մեր երկրի առաջնայնություններից է: Ուրախ ենք, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ»: Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսական կապերի զարգացումը և նշել, որ դրանց ընդլայնման համար առկա է մեծ ներուժ: Չինական պատվիակության ղեկավարն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը Չինաստանի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և չինական կողմը մեծապես կարևորում է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև չինական ավիաընկերությունների ներգրավումը հայկական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդ առումով, կողմերը անհրաժեշտ են համարել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կրթության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի Պրեոբրաժենսկի տաճարում հոգեհանգիտ կտրվի Գուրգեն Մարգարյանի հիշատակին’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ խոսնակն արձագանքում է iLur.am-ում հրապարակված հոդվածին’