‘Հաագայի դատարանն արդարացրել և ազատ է արձակել հորվաթ գեներալներին’

837

Հաագայի դատարանն այսօր արդարացրել է հորվաթ գեներալներ Անտե Գոտովինային ու Մլադեն Մարկաչին, ովքեր նախորդ տարի դատապարտվել էին երկարաժամկետ ազատազրկման՝ 1995թ. Սերբիայի խաղաղ բնակչության դեմ գործած հանցագործությունների համար, հայտնում է gazeta.ru-ն։

«Դատարանը, քննարկելով վերաքննիչ բողոքը, որոշել է արդարացնել ու անհապաղ ազատ արձակել մեղադրյալներին»,- ասել է դատավոր Թեոդոր Մերոնը։

Նախորդ տարի գարնանը դատարանը գեներալներին մեղավոր էր ճանաչել մարդկության դեմ գործած հանցագործությունների և մարտական գործողությունների կանոնները խախտելու համար և դատապարտել 24 և 18 տարվա ազատազրկման։

Հորվաթիայում մեծ ոգևորությամբ են ընդունել գեներալների ազատ արձակման լուրը: Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են երկրի մայրաքաղաք Զագրեբի գլխավոր հրապարակում, որպեսզի տոնեն գեներալների ազատ արձակումը:

Հաագա՝ Գոտովինայի և Մարկաչի հետևից է ուղևորվել կառավարական օդանավ և Հորվաթիայի պաշտպանության նախարարը:

Հորվաթիայի վարչապետը Զորան Միլանովիչը մեծ գոհունակություն է հայտնել Հաագայի դատարանի այսօրվա վճռի առիթով:

Իր հերթին՝ Սերբիայի փոխվարչապետը դատապարտել է գեներալների ազատ արձակումը հայտարարելով, որ Հաագայի դատարանին այլևս չի կարելի վստահել:

Նախորդ հոդվածը‘Լիլիթ Մկրտչյանը դուրս մնաց հետագա պայքարից’
Հաջորդ հոդվածը‘Մուրադ Գրիգորյան. Համայնքապետերին զգուշացնում են, որ իմ հանդիպումներին ներկա չգտնվեն’