‘Հազարավոր ցուցարարներ Բանգկոկում մասնակցում են նախարարությունների «խաղաղ գրոհին»’

1173

Հազարավոր ցուցարարներ ընդդիմության առաջնորդի կոչով այսօր առավոտյան Բանգկոկում հավաքվել են հակակառավարական ցույցի՝  նախարարությունների շենքերը «խաղաղ գրոհի» ենթարկելու նպատակով: Զանգվածային ցույցերը, որոնց մասնակցում է 100 հազարից մինչև 400 հազար մարդ, անցկացնում է ընդդիմությունը՝ վարչապետ Յինգլակ Չինավաթի կառավարության անհապաղ հրաժարականի պահանջով: Գործող վարչապետը նախկինի՝ 2006 թ. ռազմական հեղաշրջման արդյունքում տապալված Թաքսին Չինավաթի կրտսեր քույրն է: Երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետին ընդդիմությունը հռչակել է «խամաճիկ»՝ ավագ եղբոր ձեռքին, և նրա կաբինետի գործունեությունն  անվանել է «թաքսինիզմ», իսկ կառավարությանն էլ՝ «Թաքսին Չինավաթի ռեժիմ»: «Այսօր մենք  վերջ կդնենք Թաքսին Չինավաթի վարչակարգին: Մենք շրջափակելու ենք բոլոր նախարարությունները և ստիպելու ենք դադարեցնել աշխատանքը, և այդ ժամանակ ռեժիմը կտապալվի»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդ Սութհեպ Տհիակսուբանը ֆինանսների նախարարության մոտ տեղադրված ամբիոնից՝ մինչ ցուցարարներին պետական հիմնարկների գրավմանը առաջնորդելը:

Թաիլանդում սրվել է երկար տարիների քաղաքական հակամարտությունը 2006 թ. ռազմական հեղաշրջման արդյունքում տապալված վարչապետ Թաքսին Չինավաթի կողմնակիցների և հակառակորդների միջև: Բողոքն ուղղված է նախկին վարչապետի կրտսեր քրոջ դեմ, որն իշխանության է եկել 2011 թ. ընտրությունների արդյուքնում, փոխանցում է ria.ru-ն:

 Ինչպես այսօր հաղորդել է Թաիլանդի հանրային հեռուստատեսությունը, հակակառավարական ցույցեր են տեղի ուենում երկրի 77 նահանգներից 19-ում:

Նախորդ հոդվածը‘Ովքեր են Time ամսագրի «Տարվա մարդ» կոչման հավակնորդները’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի իսլամիստների շարքերում հաշվվում է Թուրքիայի 500 քաղաքացի’