Հաիթիի վարչապետին հաջողվել է հեռանալ պաշարված օդանավակայանից

302

Հաիթիի վարչապետ Արիել Անրին, որը բողոքի ցույցի մասնակից ոստիկանների խմբի պաշարման մեջ էր հայտնվել մայրաքաղաքի  օդանավակայանում, կարողացել է դուրս գալ ավիահանգույցի շենքից և հեռանալ անհայտ ուղղությամբ, հաղորդել է Radio Tele Metronome  ռադիոկայանը։

«Մեր տեղեկություններով՝ վարչապետ Անրին դուրս է եկել օդանավակայանի հետնամուտքից ու հեռացել է անհայտ ուղղությամբ՝ ուժեղացված թիկնազորի ուղեկցությամբ, որում եղել են ինչպես հաիթցիներ, այնպես էլ արտասահմանցիներ»,- պնդում է ռադիոկայանը։

Հինգշաբթի օրը Հաիթիում ոստիկանները բողոքի ցույց են սկսել ընդդեմ իրավապահների հանդեպ բռնությունների սաստկացման` այն բանից հետո, երբ իրենց վեց ծառայակիցների սպանել էին Պորտ օ Պրենսի արվարձաններում զինված ավազակախմբերը։ Մի քանի տասնյակ իրավապահներ արգելափակել են մայրաքաղաքային օդանավակայան տանող ճանապարհները՝ այն ժամանակ, երբ վարչապետը վերադարձել էր Արգենտինայում կայացած Լատինաամերիկյան և Կարիբյան երկրների ընկերության գագաթնաժողովից։ Միաժամանակ, մայրաքաղաքում ոստիկանների մեկ այլ խումբ գրոհել էր Անրիի նստավայրի վրա։ Տեղական մամուլի տեղեկատվության համաձայն՝ ցուցարարները շենքի շուրջ սկսել են այրել անվադողեր և կրակ են բացել պահակախմբի ուղղությամբ։

Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎրաստանում փորձարկել են տեղական արտադրության առաջին ԱԹՍ-ները
Հաջորդ հոդվածըԻ՞նչը Թուրքիային կստիպի թույլ տալ, որ Շվեդիան մտնի ՆԱՏՕ