Հաիթի․Նախագահի սպանությանը մասնակցել են 26 կոլումբիացի և երկու ամերիկացի

596

Հաիթիի ոստիկանությունը հայտարարել է, որ երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանությանը մասնակցել է 28 արտասահմանցի վարձկան, այդ թվում՝ Կոլումբիայի 26 քաղաքացի և հաիթական ծագում ունեցող երկու ամերիկացի։

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, թե հատուկ ծառայության ուժերի գործողությունների ընթացքում գնդակահարվել է յոթ մարդ, սակայն հիմա այդ տվյալները փոխվել են։ Ոստիկանապետ Լեոն Շառլի հաղորդած վերջին տվյալներով՝ 15 կոլումբիացի և երկու ամերիկացի ձերբակալված են, հարձակում գործած անձանցից երեքը սպանվել են։

Ընդ որում, կասկածյալներից 11-ը ձերբակալվել են Թայվանի դեսպանատանը, երբ ոստիկանները տեսել են, թե ինչպես են մի խումբ զինված մարդիկ մտնում դիվանագիտական ներկայացուցչության տարածք, որը նախագահ Մոիզի սպանությունից հետո փակ էր անվտանգության նկատառումներով։ Դրանից հետո դեսպանատան աշխատակիցները ոստիկաններին թույլ են տվել մտնել դեսպանատուն և ձերբակալել կասկածյալներին։

Շառլը մամուլի ասուլիս է տվել, որտեղ լրագրողներին է ներկայացրել նաև ձեռնաշղթաներով  և գետնին նստոտած ձերբակալվածներին։ Իշխանությունները նաև ցուցադրել են նրանցից առգրավված զենքը, կոլումբիական անձնագրերը, ռացիաները և տարբեր գործիքներ։ «Օտարերկրացիները մեր երկիր են եկել, որ սպանեն մեր նախագահին»,- հայտարարել է ոստիկանապետը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Հիբրիդային ագրեսիա»․ Ինչ է կատարվում բելառուսա-լիտվական սահմանին
Հաջորդ հոդվածըՉավին՝ Կատարի առաջնության լավագույն մարզիչ