‘Հալեպի հայկական թաղամասում ռումբ է ընկել’

809

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունվարի 15-ի կեսօրից հետո ռումբ է ընկել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ բարեբախտաբար մարդկային վնասներ չկան: Ռեյիսյանի խոսքով` տեղեկություններ են ստացվել հայ կնոջ վիրավորվելու մասին, լուրը, սակայն, չի հաստատվել: Եվս մեկ ռումբ ընկել է Սուլեյմանիա թաղամասում, որը, բարեբախտաբար, օդի մեջ է պայթել եւ մեծ վնասներ չի հասցրել շրջակայքին: Բախումներ են տեղի ունեցել նաեւ Շեյխ Տահա շրջանում եւ տեւել են մոտ մեկ ժամ: Քաղաքը կեսօրից հետո ամայացած եւ մեռելային վիճակում է հայտնվել:

Ռեյիսյանը նաեւ նշեց, որ մոտ երկու շաբաթ առաջ Իդլեբի ճանապարհին առեւանգված հայն ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո: 

Ինչ վերաբերում է Հալեպի համալսարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունին, ապա Ռեյիսյանը տեղեկացրեց, որ մինչեւ այժմ պայթյունի հետեւանքով տուժած հայերի մասին տեղեկություններ չկան, թեպետ Ճարտարագիտության ֆակուլտետում սովորող հայեր կան: Դեպքի վայրում սարսափած հայեր են եղել, բարեբախտաբար նրանց մեջ տուժածներ չեն եղել: Ընդհանուր առմամբ, տեղի ունեցած ողբերգության պատկերն ամբողջովին հստակ չէ. հակասական լուրեր են շրջանառվում պայթյունն իրականացնողների վերաբերյալ:

Հալեպի համալսարանի Ճարտարագիտության եւ արվեստի ֆակուլտետների, ինչպես նաեւ հանրակացարանի մեկ մասնաշենքի մոտակայում երկու ուժգին պայթյուններ են տեղի ունեցել: Ստացված տեղեկությունների համաձայն` 83-85 մարդ զոհվել է եւ վիրավորվել ավելի քան 160 մարդ:

Նախորդ հոդվածը‘Խոսեպ Գվարդիոլա. Կցանկանայի անգլիական ակումբ գլխավորել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի փոխվարչապետ. 2013 թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները պետք է հանդես գան ավելի կոնկրետ առաջարկներով’