‘Հալեպի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում և բաժանում բնակիչներին (տեսանյութ)’

901

Թուրքիային սահմանակից Իդլեբի շրջանի Յակուբիե հայկական գյուղը երկար ժամանակ բախումային թեժ շրջան է եղել նախքան Հալեպում հակակառավարական բախումների սկսումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ կառավարական ուժերի և զինյալների միջև բախումների ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, բազմաթիվ հայեր դուրս են եկել գյուղից: Յակուբիեում հիմնականում տղամարդիկ և տարեցներ են մնացել և վերջին տեղեկությունների համաձայն` գյուղը ընդդիմադիրների հսկողության տակ է անցել:

Տեղեկություններն այն մասին, որ զինյալները գրավել են հայկական սուրբ Աննա եկեղեցուն պատկանող նորկառույց շինությունը և շրջակա տարածքները, Ռեյիսյանի խոսքով, պաշտոնապես չեն հաստատվում: Ճշգրտմանը խոչընդոտում է նաև հեռախոսակապի անկանոն գործելը: Ռեյսիյանը նաև տեղեկացրեց, որ կփորձեն կապ հաստատել տեղի քահանայի հետ և ստույգ տեղեկություններ իմանալ Յակուբիեում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ գյուղի բնակչությունը խուճապի է մատնվել, սակայն ընդդիմադիրները հավաստիացրել են, որ նրանց վտանգ չի սպառնում:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, Բերիո թեմի առաջնորդարանի մամուլի խոսնակը նշեց, որ այս պահին իրավիճակը Հալեպում հանդարտ է, կրակոցների և պայթյունների ձայներ չեն լսվում: Հալեպում որոշ բարեգործական կազմակերպություններ քաղաքի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում և բաժանում հալեպցիներին: Նման ողջունելի քայլ է ձեռնարկել նաև Սիրիայի հայկական Կարմիր խաչի կազմակերպությունը` շաբաթը մեկ օր տաք կերակուր բաժանելով տեղի հայերին: Բացի այդ, Ռեյիսյանը նաև նշեց, որ ձրի հաց բաժանելու ծրագիր է մշակվել: Սիրիական բանակը երեկ և այսօր Հալեպի մի քանի հրապարակներում հաց է բաժանել ժողովրդին:

 

Նախորդ հոդվածը‘Իսրայելցի զինծառայողները նվաստացրել են Reuters-ի լրագրողներին’
Հաջորդ հոդվածը‘Արտոնագրերի ռեժիմի դյուրացման համաձայնագիրը Հայաստանն ու ԵՄ-ն կստորագրեն դեկտեմբերի 17-ին ‘