‘Հալեպում առևանգված երկու հայերն ազատ են արձակվել ‘

880

Հալեպում օրեր առաջ առևանգված Շահե Չաղլասյանն ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նա ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո: Չաղլասյանը Հալեպի ծայրամասում գտնվող Շքեյֆ շրջանում առևանգվել էր իր իսկ մեքենայով:

Ռեյիսյանը նաև տեղեկացրեց, որ Հալեպում առևանգվել էր նաև հայ բժիշկ, ով փրկագին վճարելուց հետո նույնպես ազատ է արձակվել: Երկու հայ առևանգվածներն արդեն տուն են վերադարձել:

Մամուլի քարտուղարի խոսքով, վերջնականապես հաստատվել է Հովակ Քորթմոսյանի մահը, ով 2012թ.-ի ամռանը Հալեպում սպանված զինծառայողների թվում էր: Նա ամռանը Հալեպում գտնվող Հանանու զորանոցի մոտ մեկ շաբաթ զինյալների հսկողության տակ է հայտնվել: Քորթմոսյանը զորանոցի գրավման ժամանակ արյունալի բախումների ընթացքում մահացու վնասվածք էր ստացել զինծառայող: Նրա ընկերները պատմել են, որ տեսել են նրան ընկած, սակայն ծնողները դիակը չհայտնաբերելու հույսով կարծել են, որ երիտասարդը կենդանի է: Պարզվել է, որ հայ երիտասարդի դիակը շատերի դիակների նման օրեր շարունակ մնացել է արևի տակ և դարձել անճանաչելի:  Զորանոցը կրկին կառավարական ուժերի հսկողության տակ հայտնվելուց հետո զոհվածների դիակները տեղափոխվել են դիահերձարան,  որից հետո պարզ է դարձել, որ մահացածների թվում է նաև Հովակ Քորթմոսյանը:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակին, Ռեյիսյանի տեղեկացմամբ, մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, էլեկտրականությունը կրկին ընդատումներով է: Թեպետ պետությունը փորձում է նորոգման աշխատանքներ իրականացնել, սակայն զինյալները մշատպես խոչընդոտում են դրանց: Կրակոցների, հրթիռների ձայներ լսվում են հեռվից, իսկ կենտրոնական թաղամասերում իրավիճակն ավելի հանգիստ է:

Նախորդ հոդվածը‘Դել Բոսկե. Առաջին բաժակը բարձրացնում եմ Վիլանովայի համար’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ. Vega-ի հայտարարած 110-տոկոսանոց ակցիան չի կարող իրական լինել’