‘Հալեպում հայ զոհերի թիվը հասել է չորսի’

923

Հալեպի հայաշատ թաղամասերում հուլիսի 30-ին հրասանդներ ընկնելու հետևանքով ևս մեկ հայուհի է զոհվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ հղում անելով Հալեպի լրատվական գրասենյակին: Զոհվածը Արաքսի Արուշյան-Խաչատուրյանն է: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ զոհվել էր նրա քույրը՝ Ազնիվ Արուշյանը:

Աղբյուրը տեղեկացրել էր, որ նախօրեին զոհերից մեկը Սոնա Պալըքյանն է: Նա զոհվել է Ջալաա թաղամասում հրասանդի պայթյունի հետևանքով: Նոր Գյուղ թաղամասում վիրավորված Գևորգ Գալեմքերյանը ևս մահացել էր հիվանդանոցում: Հրասանդներ ընկնելու հետևանքով վիրավորվել են Ջուլիեթ Խաչատուրյանը, Գևորգ Թաշչյանը, Հակոբ Հակոբյանը, Րաֆֆի Այվազյանը և Հովհաննես Այվազյանը:

Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ սրվել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակ են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքական կրքեր Քասախ համայնքում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ընկերոջ ընկերության պատճառով ՀԷՑ-ը տուգանվել է 15 միլիոն դրամով ‘