‘Հալեպում հայ կին է զոհվել’

919

Հալեպի Թելեֆոն Հաուայե թաղամասում պատահական գնդակից զոհվել է հայ կին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զոհվածը Մարիեթ Տոշողլանյան-Պաճեքյանն է: 

Ռեյսիյանի խոսքով` չնայած Հալեպում վերջին օրերին համեմատաբար խաղաղ է, բայց դիպուկահարի վտանգը դեռեւս առկա է եւ ամեն վայրկյան կարելի է անակնկալներ սպասել: Բախումները շարունակվում են նաեւ Հալեպի օդանավակայանի ճանապարհին:

Մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ Հալեպում էլեկտրականության ընդհատումները հաճախակի են դարձել: Արդեն հայտնի է նաեւ, որ Սիրիայում համացանցը եւ հեռախոսակապը վերականգնվել են: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրել է, որ բնակիչների ապրելակերպի դժվարությունները եւ հոգսերն ավելի ակնհայտ են դարձել, օրվա կարիքներն ավելի դժվարությամբ են հոգում:

Սիրիայում ավելի քան 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով մոտ 40 հազար մարդ է զոհվել, այդ թվում` 4 տասնյակից ավելի հայեր: Մոտ յոթ տասնյակ հայեր են վիրավորվել: Հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչներ առեւանգվել են. նրանցից որոշները դեռեւս գերության մեջ են:

 

Նախորդ հոդվածը‘Արքայական ընտանիքում համալրում է սպասվում ‘
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է իրեն սպառել. Մոուրինյո՞ն, թե՞ Պերեսը’