‘Հալկի քրոջ առեւանգիչները ձերբակալվել են ուշագրավ հանգամանքներում’

1350

Բրազիլիայի հավաքականի եւ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկի քրոջ առեւանգիչները հայտնաբերվել եւ ձերբակալվել են: Ընդ որում, այդ ամենը տեղի է ունեցել բավական ուշագրավ հանգամանքներում:

Ինչպես հաղորդել են բրազիլական Կամպինա Գրանդե քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները, հանցագործները Հալկի քրոջը՝ Անժելիկա Վիեյրային բաց են թողել՝ իրար մեջ չկարողանալով բաժանել դեռեւս չվճարված փրկագինը:

Տուն վերադառնալուց հետո աղջիկը ոստիկաններին պատմել է, թե որտեղ են իրեն պահել: Արդյունքում, աղջկա առեւանգման վայրից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա ոստիկանները գտել են չարագործների տունը: Նրանցից երեքը ձերբակալվել են, եւս երեքը՝ փախել, հաղորդում են բրազիլական լրատվամիջոցները:

Ձերբակալվածները պատմել են, որ աղջկան բաց են թողել, այդպես էլ ընդհանուր հայտարարի չգալով, թե ինչպես պետք է իրար միջեւ բաշխեն Հալկի քրոջ համար վճարվելիք փրկագինը:

«Հանցագործներից մեկը, որի բաժինը ամենափոքրն է եղել, չի համաձայնվել դրա հետ: Նա պարզապես բացել է դուռը եւ Անժելիկայի հետ տնից դուրս եկել»,- պատմել է ոստիկանության ներկայացուցիչներից մեկը՝ Անդրե Ռաբելոն: Վերջինս նաեւ ավելացրել է, որ այդ ավազակախմբից առնվազն մեկը Հալկի ընտանիքի հետ բավական մտերիմ է եղել:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ապագայում կարող է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել ‘
Հաջորդ հոդվածը‘Թալիբներն Օբամային կոչ են արել ընդունել ԱՄՆ պարտությունն Աֆղանստանում ‘