‘Հակաամերիկյան ցույցերը նորանոր երկրներ են գրավում. բողոքի ակցիա Բաքվում’

996

ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» աղմկահարույց ֆիլմի առաջացրած բողոքի ալիքը շարունակվում է՝ ընդգրկելով նորանոր երկրներ: Այսօր բողոքի բուռն ակցիաներ են տեղի ունեցել Պակիստանի Կարաչի քաղաքում, որտեղ մեկ մարդ զոհվել է: Ֆիլիպինների Մարավի քաղաքում շուրջ 3 հազար ցուցարարներ այրել են ԱՄՆ եւ Իսրայելի դրոշները:

BBC-ի հաղորդմամբ՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ցուցարարներն այրել են ոստիկանական մեքենաները, անվտանգության ուժերը նրանց նկատմամբ հրազեն են կիրառել:  

Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում, ելույթ ունենալով ամբոխի առաջ, «Հզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Նասան Հասրալլան կոչ է արել բողոքի շաբաթ կազմակերպել ամերիկյան ֆիլմի դեմ: Հազարավոր լիբանանցիներ փողոց են դուրս եկել կանաչ ու սեւ դրոշներով՝ վանկարկելով «Ամերիկա, լսիր մեզ ու մի վիրավորիր մեր մարգարեին»:

 Եմենում հարյուրավոր ուսանողներ պահանջել են վտարել երկրից ԱՄՆ դեսպանին: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ցուցարարներ բենզինով լի շշեր ու քարեր են նետել ոստիկանական զորքերի ուղղությամբ: Բողոքի հուժկու ցույցեր են տեղի ունեցել նաեւ Քաշմիրի՝ Հնդկաստանին պատկանող հատվածում:  

Հորդանան գետի արեւմտյան ափին՝ Ռամալլայում հարյուրավոր պաղեստինցիներ ամերիկյան ֆիլմի դեմ իրենց բողոքն են արտահայտել խաղաղ նստացույցի միջոցով: Սակավաթիվ բողոքի երթ է տեղի ունեցել նաեւ Բաքվի ամերիկյան դեսպանատան դիմաց: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, մի քանի տասնյակ մարդ «Ալլահ-ու-աքբար» վանկարկումներով մոտենալով ԱՄՆ դեսպանատանը՝ հանդիպել են ոստիկանական հոծ շարքերի դիմադրությանը: Ադրբեջանական իրավապահներն անմիջապես ցրել են ցույցը, ձերբակալվել է 15-30 մարդ: «Բացատրական» զրույցներից հետո նրանք ազատ են արձակվել: Ընդ որում, Բաքվի ցուցարարները լրագրողներին հայտնել են, թե որեւէ քաղաքական ուժ չեն ներկայացնում: «Մենք պարզապես հավատացյալներ ենք, մզկիթ ենք այցելում ու մարգարեի անձի նկատմամբ վիրավորանքն անթույլատրելի ենք համարում», — թբլիլիսյան «ПИК» հեռուստաընկերության փոխանցմամբ, ասել է ցուցարարներից մեկը:

Նշենք, որ մեծամասամբ շիա մահմեդականներով բնակեցված Ադրբեջանում իշխող Ալիեւների վարչակարգը խստորեն հետապնդում է երկրում իսլամիզմի ցանկացած դրսեւորում: Նախագահ Իլհամ Ալիուի հրահանգով վերջին տարիներին երկրում մի քանի մզկիթներ են փակվել:    

 

Նախորդ շաբաթ համացանցում հայտնված «Մահմենդականների անմեղությունը» ֆիլմի ենթադրյալ հեղինակը Կալիֆորնիայում խարդախության մեղադրանքով դատապարտված ղպտի (եգիպտացի քրիստոնյա) Նակուլա Բասերլի Նակուլան է: YouTube ընկերության տնօրինությունը, չնայած բազմաթիվ բողոքներին, հրաժարվում է իր էջից հանել ֆլիմի համառոտ հոլովակը՝ պատճառաբանելով, որ այն չի հակասում ընկերության կանոնադրությանը: Այնուամենայնիվ,  YouTube-ը սահմանափակել է ֆիլմի դիտումը գերազանցապես մահմեդականներով բնակեցված երկրներում:

Վերջին օրերի ընթացքում Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ֆիլմի հարուցած բողոքի ցույցերի արդյունքում արդեն զոհվել են տասնյակ մարդիկ, հարյուրավորները վիրավորվել են: Բողոքի ալիքի առաջին զոհերից մեկը Լիբիայում ԱՄՆ դեսպանն էր:

 Այս ընթացքում, բացի ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններից, հարձակումների են ենթարկվել նաեւ Գերմանիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունները: 

Նախորդ հոդվածը‘Ռոստովում հայաստանցին ձերբակալվել է մաքսանենգ գործարքի պահին ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանցի պաշտոնյա. «Իրանական միջուկային խնդրով զբաղվողների թվում ահաբեկիչներ կան»’