‘Հակախմբագրական. Այն մասին, թե ինչպես Աղվանի քննիչը համոզեց Լիսկայի զավակին’

2782

«Ինչու՞ բերման ենթարկել. քննիչի համոզելու արդյունքում նա ներկայացել է»,- մայիսի 2-ին գորիսյան հայտնի դաժան ծեծից հետո, որի հետեւանքով տուժողներից մեկը կորցրել է տեսողությունը, մայիսի 16-ին Լիսկայի զավակի՝ ոստիկանություն ներկայանալու մասին այսպիսի պարզաբանում է տվել Աղվան Հովսեփյանը:

Իսկ ո՞վ է Աղվան Հովսեփյանը: «Վիքիպեդիա»-ն շռայլորեն պատմում է այս մարդու մասին: Ահա՛ նա. «ՀՀ պետական գործիչ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ արդարադատության պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր (2005 թ.), բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ վաստակավոր իրավաբան, Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի պատվավոր քաղաքացի, Ապարան քաղաքի պատվավոր քաղաքացի, օրինականության և իրավակարգի պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իրավակարգի և օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար ՌԴ նախագահի հրամանագրով` Պատվո շքանշանով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե հուշամեդալով, ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալով, Գյումրու քաղաքապետարանի «Վարպետ» ոսկե մեդալով…» եւ այլն, եւ այլն, եւ այլն։

Իմ շունչը կտրվեց. պատկերացնում եմ` ընթերցողը որքան հոգնեց, այնպես որ` ամփոփենք. Աղվան Հովսեփյանը բռնել է շուրջպար, նաեւ բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ, սահնակով սղղալ, երգել ու խաղալ:

Գրքերի հեղինակ է. այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ ոչ անհայտ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի նման` խաղուպարից, սահնակ-թիթեռից, ծաղկից առավել` ուսումն է սիրել:

Ոչ միայն գրել է, նաեւ` խմբագրել է: Օրինակ` «Քննիչի ուղեցույց»-ը»:

Չեմ կարդացել: Չգիտեմ` այս վաստակաշատ, այս բյուրեղյա կենսագրությամբ իրավաբանության դոկտորի խմբագրած գրքում կա՞ այն մասին, թե ինչպես պետք է քննիչները համոզեն հանցագործներին, որ նրանք բարեհաճեն ներկայանալ ոստիկանություն, թե` ոչ, բայց ես մոտավորապես պատկերացնում եմ, թե Լիսկայի որդու` հանցագործությունից տասնչորս օր  հետո ոստիկանություն ներկայանալու «դեպքն» ինչպես է տեղի ունեցել:

Նախ` ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, իրավաբանության դոկտոր եւ Հայաստանի արդարադատությանը մեծամեծագույն ծառայություններ մատուցած Աղվան Հովսեփյանը ծանր ու երկարատեւ բանակցություններ է վարել Լիսկայի հետ. «Դե, թող ներկայանա, էլի, Սուրիկ ջան: Էդ լրագրողների ձենը կտրացնել է պետք: Դու էլ գիտես, որ մի մազ չի պակասի տղայիդ գլխից: Տնաշեն, մարդ սպանեցիք, ընդամենը մի պատիժ ստացաք (այստեղ, անշուշտ, ծիծաղել է, որ Լիսկան սխալ չհասկանա իրեն)` քեզ նորից մարզպետ նշանակեցին, հիմա ի՞նչ է եղել որ. ընդամենը մե՛կ մարդու աչք է հանել, ընդամենը մե՛կ աչքն է հանել, հո չի՞ սպանել: Չնայած որ` սպաներ էլ, դու էլ գիտես, որ էլի գլխից մազ չէր պակասի: Թող գա, մի քիչ կզրուցեն, մեր քննիչը լիքը անեկդոտներ գիտի, լավ էլ` համով-հոտով պատմում է, սուրճ կխմեն… Տղադ սուրճը քաղցր է սիրու՞մ, թե՞ դառը»:

Լիսկան տասնչորս օր համառել է (իրենց տանը սուրճ չկա՞, ինչ է, կամ` ինքը Աղվանից պակա՞ս դոկտոր է, թե էդ քննիչի անեկդոտների հույսին են մնացել): Հետո հենց Աղվանն ասել է, որ Սերժիկ Սարգսյանն էլ է ուզում, որ Լիսկայի տղան ներկայանա ոստիկանություն, Սյունիքի մարզպետն ասել է. «Լավ, կներկայանա. սուրճի հետ հյութ-մյութ էլ կտաք` խմի, համ էլ տղես խոզի չալաղաջ է սիրում»: «Հա, բա ոնց, Սուրիկ ջան,- թեթեւացած շունչ է քաշել իրավաբանության դոկտորը,- քննիչին կասեմ` մի հատ էլ կզի, որ տղադ վրայով թռչի, մկանները բացվեն»:

Աղվանի քննիչի ու Լիսկայի զավակի բանակցությունները կարճ են տեւել: Քննիչն ասել է. «Մեր դոկտորը ձեր դոկտորի հետ պայմանավորվել է, որ ներկայանաք… այսինքն` այցելեք… չէ, ուզում էի ասել` ժամանեք… Դուք սուրճը քա՞ղցր եք սիրում, թե՞ դառը»:

Լիսկայի զավակը, բնականաբար, նեղսրտել է. «Արա՛, կարող ա՞ քեզ թվում ա` ձեր սուրճի հույսին եմ մնացել: Արա՛, կարամ քեզ սուրճով լողացնեմ, վրեդ խաբար կա՞»:

Քննիչն, անշուշտ, կմկմացել է, որ «վրեն խաբար կա», խնդրել է Լիսկայի որդուն, որ սուրճով լողացնելու առողջարար պրոցեդուրան ի կատար ածի ամռանը, որովհետեւ ինքը մի քիչ մրսկան է, իսկ տարվա այս եղանակին ամպամած է մի տեսակ, մի տեսակ էլ` քամին հա՛ տատանվում է, եւ ընդհանրապես` իզուր այդպես նեղսրտեց պատվարժան Լիսկայի հարգարժան զավակը, ինքը մեղք չունի` դոկտոր Աղվանն է հանձնարարել իրեն, որ համոզի…

«Հա լա՛վ, կգամ, բայց հարցեր չտաս: Կգամ` կկզես` վրովդ կթռնեմ, մնացածը դու կհնարես-կգրես, դրա եղածն ի՞նչ է, հա է՛լ էդ գործին եք»,- համոզվել է Լիսկայի որդին:

Հետո քննիչը սլացել է Աղվան Հովսեփյանի աշխատասենյակ ու ավետել դոկտորին. «Համոզեցի՜ , համոզեցի՜»:

«Չմոռանաս` անպայման կկզես»,- հիշեցրել է դոկտորը:

Եվ այսպես, ինչպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն է ասել. «Քննիչի համոզելու արդյունքում նա ներկայացել է»:

Չալաղաջը Լիսկայի որդու նուրբ քիմքին հաճո՞ է եղել, թե՞ քննիչի գլխովն է խփել` լրատվամիջոցները խորհրդավոր լռում են սրա մասին:

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Էլէկտրաէներգիայի հարցով Կոնգրեսի նախաձեռնությանը միացել են 17 պատգամավորներ. Ցանկ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Հասմիկ Պողոսյան. Կար ցանկություն ինչ- որ ձեւով հաղորդակից լինել անմոռուկին’