‘Հակախմբագրական. Հանրապետականների ուղերձը դավաճան ՀՀ քաղաքացիներին ‘

3440

Այլևս դույզն-ինչ կասկած չկա` Հայաստանում դավաճանների մի հսկա բանակ է գործում ընդդեմ Սերժիկ Սարգսյանի և նրա օրեցօր նվազող քաջազունների: Իսկ որ նույնն է` ընդդեմ մեր սուրբ հայրենիքի:

Ի՞նչ են անում այդ նենգ ծախուները, որոնց պայմանական «ժողովուրդ» են ասում` ա՛յս օրհասական պահին, երբ արյունռուշտ ոսոխն ակնդետ հետևում է, թե ինչեր են կատարվում մեր երկրում, և կենդանական հաճույքով շփում է իր անլվա թաթերը:

Այո՛, հայրենակիցներ, դավադրաբար ջուր են լցնում անլվա թաթերով ոսոխի ջրաղացը:

Շատ հեռու չգնանք: Այսօր բավարարվենք միայն վերջին շրջանում հաճախակիացած ծեծուջարդերի շուրջը դավաճանների բարձրացրած վեստսարգսաբարո աղմուկ-աղաղակին:

Ա՛յս օրհասական պահին, երբ մեր նորագույն պատմության զոհասեղանին է դրված Հայաստանի լինել-չլինելու հարցը…

Տո՛, դե լավ է՛, լեզուներս փաթ է ընկնում, էս ինչ ֆինտիֆլյուշկա բառեր կան էս հայերենում…

Արա՛, բա դուք ամոթ չե՞ք անում, էդ ո՞վ է էդ խայտառակ տեսանյութերը տարածում: Էդ որ տարածում եք, հեչ մտքներովդ չի՞ անցնում, որ դրանք էն ադրբեջանցիք էլ են նայում, էն թուրքերն էլ: Հարյուրամյակը եկել` մեր դուռը թակում է, դուք էդ ինչերի՞ հետևից եք ընկել: Ծեծում ենք (հըլը որ), հո չե՞նք սպանում: Բայց կարանք, չէ՞, համ էլ սպանենք: Հո գիտե՞ք, որ կարանք: Մարտի մեկը վկա:

Ուրեմն, էս մեր չալաղաջի ու խաշի նման համով-հոտով երԳիրն արժանի չի՞, որ հանուն իրեն` էդ ծեծուջարդը կուլ տաք: Հա՞, արժանի չի՞:

Չալաղաջ ու խաշ ասինք` հիշեցինք: Էս ինչ չուզող-նախանձ ժողովուրդ եք, այ ձեր զուլումը չբըլի: Առավոտից-րիգուն մեր կերածն ու մեր ծախսածն եք հաշվում: Էնքան` որ մե՛նք ենք օրական էս մեր գառան խաշլամայի նման բերանում հալվող երԳրի կենացը խմում, դրա մի տոկոսը դուք խմած կա՞ք, էսքան յուղոտ ու սխտորոտ սիրո խոստովանություններ արած կա՞ք: ԵրԳրին:

Չնայած` սկի ուտելու բան չունեք, ինչ մնաց` խմեք, խռա-խռա-խռա:

Հա, ի՞նչ էինք ասում: Ասում ենք` հենց պարզեցինք, թե ովքեր են էդ տեսանյութերը տարածում, էս անգամ ծեծով չեք պրծնելու, Աղաբեկյան Արթուրը վկա:

Պատի տակ շարելու ենք, ավտոմատը տալու ենք էն մեր եղերամայր Մարգարիտի ձեռը, որ բոլորիդ հերթով գնդակահարի:

Հիմա խաթրով ենք ասում, բայց եթե շարունակեք ջուր լցնել վայրագ թշնամու (վայրագ… ինչ էլ բառեր գիտենք) ջրաղացին, ծեծուջարդը աչքներիդ կազինոյում միլիոն շահելու պես բան է թվալու, խռա-խռա-խռա:

Կամ էլ` սաունայում աղջկերքի հետ լխճկվելու նման բան, խռա-խռա-խռա:

Կամ էլ` խաշը մատներով ուտելու ու մատները լպստելու նման բան, խռա-խռա-խռա:

Կամ էլ` չալաղաջը ոսկորների հետ միասին կուլ տալու ու զկռտալու նման բան, խռա-խռա-խռա:

Կամ էլ` ձեզ նմաններին քացու տակ գցելու ու հաճույքից էշի պես զռռալու նման բան, խռա-խռա-խռա:

Կամ էլ` գլխներիդ տոպրակ քաշելու, ձեռքներդ շղթայելու ու ոջիլներին ձեզ վրա քսի տալու կայֆից օրգազմ ապրելու նման բան, խռա-խռա-խռա:

Կամ էլ…

Մի րոպե սպասեք, շեֆն է զանգում:

-Լսում ենք, շեֆ:

-Խռա-խռա-խռա…

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Արտակ Խաչատրյանի եղբորը հայտնի են առևանգողների ավտոմեքենայի գույնը, պետհամարանիշները’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ցանկացած քաղաքացիական ընդվզման դրսևորում ընդունելի է’