‘Հակախմբագրական. Հեքիաթ այն մասին, թե ինչպես ՀՀ ոստիկանությունը փրկեց անմեղ մոլագարին’

2826

Մենք գիտենք, որ Հայաստանի ոստիկանությունը` աստվածավախ զորավար Վլադիմիր Գասպարյանի ամենօրյա աղոթքների շնորհիվ, աննախադեպ հաջողություններ է գրանցել հանցագործությունների դեմ պայքարում: Գիտենք նաեւ, որ նույնքան աննախադեպ բարեփոխումներից հետո մեր երկրի բանտային պայմաններն այնքան կատարյալ են դարձել (առավե՛լ, քան ազատ կյանքը), որ յուրաքանչյուր քիչ թե շատ գիտակից մարդ ձգտում է, Օ’Հենրիի հայտնի հերոսի նման, գեթ մեկ անգամ ապրել այդ տաք ու հյուրընկալ «օջախի» պատերի ներսում, եւ ներկա երջանկահիշատակ պահին վանդակաճաղերի հետեւում «Հանցագործություն` հանուն բանտային լավ կյանքի» նշանաբանով առաջնորդվող ռոմանտիկներն են հանգրվանել:

Սակայն նույնիսկ չարակամներին է հասկանալի, որ առաջադեմ մարդկությունը, նույնիսկ Հայաստանի ոստիկանությունը` աստվածավախ զորավար Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, դեռեւս ի զորու չէ մոլագարներին (սրանց գոյությունը պայմանավորված չէ ո՛չ սոցիալական, ո՛չ քաղաքական խնդիրներով. վաղուց պարզված է` այս դժբախտների մոլագարության պատճառները փնտրեք նրանց ժանտատեսիլ մանկության մութ խորխորատներում) արմատախիլ անել մեր բազմահազարամյա հայրենի հողից, եւ հենց դրա համար էլ ՀՀ ոստիկանության կայքում հայտնվել է խորհուրդների մի ծաղկաբույլ, որով առաջնորդվելու դեպքում, ըստ աստվածավախ զորավար Վլադիմիր Գասպարյանի «կանտորայի» ֆիլոսսոկրատների, հնարավոր կդառնա դուրս պրծնել մոլագարների ճանկերից:

Օրինակ. «Գիշերային ժամերին ինչ-որ տեղ ուղեւորվելիս խնդրեք, որ հնարավորության դեպքում ձեզ ուղեկցեն կամ դիմավորեն»:

Խնդրեցինք: Ոչ ուղեկցեցին, ոչ էլ դիմավորեցին: Ասացին` հնարավորություն չունենք:

Ի՞նչ արած. «Ուշ ժամերին ժամադրվեք միայն մարդաշատ եւ լուսավորված վայրերում»:

Ժամադրվեցինք: Ժամադրվելուց առաջ չմոռացանք մեր հոգատար ոստիկանության հետեւյալ խորհուրդները. «Երեկոյան ժամերին զբոսնելիս աշխատեք այնպիսի հագուստ կրել, որը չի սահմանափակի ձեր շարժումները եւ չի գայթակղի հնարավոր մոլագարներին: Երկար վարսեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերը հավաքած պահել, քանի որ դրանք, ինչպես նաեւ` վզնոցները, կարող են հարձակման ժամանակ հանցագործի համար «գործիք» հանդիսանալ»:

Այդպես էլ արեցինք: Ավելին, երեսներիս մուր քսեցինք, դիմացի ատամներից երեքը ջարդեցինք ու բերաններս մինչեւ ականջները բաց՝ սկսեցինք զբոսնել` չմոռանալով մի քանի պճեղ սխտոր ուտել, որ մոլագարները տասը մետրից խեղդվեն հոտից:

Բայց մոլագարի շատ պե՞տքն է, թե դուք ինչ զոհողությունների եք դիմել` հանուն գիշերային խաղաղ զբոսանքի: Ինքը դուրս է եկել «մոլագարվելու», եւ ոչ ձեր սեւ մուրը, ոչ հարյուր տարեկանի ատամնաշարը, ոչ էլ սխտորի հոտը (ինքը վամպիր չի` մոլագար է) չի կարող շեղել նրան իր ճշմարիտ ուղուց:

Մոլագարը, փաստորեն, ավելի շուտ վրա հասավ: Կամ էլ` ժամադրավայրում ձեզ սպասող ընկերը հեռվից տեսավ, թե ինչ «չքնաղ» եք, ու որ ճամփով եկել էր` էդ ճամփով էլ ետ դառավ:

Ճարնե՞րդ ինչ. մոլագարի «հարձակումը կարելի է կասեցնել հարձակվողի ուղղությամբ անսպասելի ինչ-որ բան նետելով` պայուսակ, բանալիների խուրձ եւ այլն»:

Նետեցինք: Չօգնեց: Էլ ի՞նչ մոլագար, որ ձեր պայուսակից կամ բանալիների խրձից լեղաճաք լինի:

Այնուհետեւ. «Եթե նկատում եք, որ ձեզ հետապնդում են, փորձեք փոխել երթուղին, սակայն նախապատվությունը տվեք ձեզ հայտնի եւ հնարավորինս մարդաշատ ուղիներին»:

Փոխեցինք, նախապատվությունն էլ տվեցինք «հնարավորինս մարդաշատ ուղիներին»: Մոլագարի հեչ պետքը չի, ինքն իր մոլագարության տերն է:

Բայց դուք էլ պակաս համառը չեք եւ սրբորեն հետեւում եք ՀՀ ոստիկանության ամենաիմաստուն խորհրդին. «Հարձակման ժամանակ կնոջ համառ դիմադրությունը երբեմն ավելի է գրգռում դիմացինին: Առավել ցանկալի է հոգեբանական «հարձակումը», քանի որ կնոջ համար դժվար է տղամարդու նկատմամբ համարժեք ֆիզիկական ուժ կիրառել: Ամեն գնով անհրաժեշտ է ժամանակ շահել, ասենք` առաջարկել «ագրեսորին» մի տեղ նստել, մի բան խմել, քննարկել. այս մարտավարությունը կարող է հնարավորություն ընձեռել հարձակվողին մարդաշատ վայր տեղափոխել»:

Այդպես էլ անում ենք. որպեսզի ավելի չգրգռենք մոլագարին, սկսում ենք ժամանակ շահել: Ասում ենք. «Ի՜նչ գեղեցիկ, աստղալից գիշեր է, չէ՞»: Մոլագարի սիրտը միանգամից փլվում-բարակում է, ու մեկ էլ անսպասելի հայտնաբերում է, որ դուք շատ նման եք իր սիրելի տատիկին: Հա, շա՜տ` ասում է: «Գնա՞նք մոտակա սրճարան, մի բան խմենք, ու ես ձեր ականջին «Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին»-ը շշնջամ»: Մոլագարը խեթ-խեթ նայում է` հարիֆ ես գտե՞լ: Շտապում ես ավելացնել. «Հաշիվը ես կփակեմ, մոլագար եղբայր իմ»: Մոլագարն ասում է` էդ մեկը դզեց: Եվ գնում եք սրճարան ու սկսում մի բան խմել` «հաշիշով օծուն ու բալասանով»:

Ահա՛, հենց այս պահից սկսվում է հեքիաթը: Չնայած ՀՀ ոստիկանությունը դժգոհում է, որ «երբեմն բռնության ենթարկված կանայք ամոթից կամ այլ պատճառով չեն դիմում իրավապահներին եւ այդպիսով հանցագործի համար ստեղծում են անպատժելիության պատրանք, որը նոր հանցանքների պատճառ է դառնում», բայց դուք այդ «հայեցի» կանանցից չեք ու սրճարանում ինչ-որ պահի բթացնում եք մոլագարի զգոնությունը եւ մատուցողի կամ եսիմ ում միջոցով ոստիկանություն եք ահազանգում, որ մի մոլագարի հետ սրճարանում նստած «մի բան եք խմում», շուտ արեք` հասեք: Մեր թանկագին ոստիկանությունը շտապում է փրկելու կնոջ վտանգված պատիվն ու կյանքը, մեկ էլ` ինչ է պարզվում… Պարզվում է` մոլագարը Հանրապետական կուսակցությունից է` հերիք չէ, իր հանրապետական պապան էլ բարձր պաշտոնյա է:

Մնացածը` անգիր գիտենք, բայց մի անգամ էլ վերհիշենք: Ոստիկանները, քսանմեկ տեղից ծալծլվելով, կուչուձիգ գալով՝ ներողությունների տարափ են թափում թանկագին մոլագարի գլխին, մոլագարն էլ տակ չի մնում` սպառնում է, որ սրանց «սաղ-սաղ թաղելու է», եթե իր անաղարտ կենսագրության այդ բիծը չմաքրվի, մի քանի անգամ էլ հուժկու աքացի է հասցնում ոստիկանների հետույքներին, ոստիկաններն էլ, հաճույքից հալվելով՝ թառանչում են` օխա՜յ, հետո հազար անգամ ներողություն են խնդրում «իրանց մոլագար ախպորից» ու ձեռնաշղթա հագցնում կասկածելի վարքի տեր, ոչ հայեցի կնոջ մրոտ ու սխտորոտ ձեռքերին ու տանում մեր հալալ-զուլալ դրախտային բանտ:

Երկնքից երեք խնձոր է ընկնում: Մեկը` աստվածավախ զորավար Վլադիմիր Գասպարյանին, մյուսը` վերոգրյալ խորհուրդները երկնողին, իսկ երրորդը` մեր հանրապետական ախպեր մոլագարին:

Լիզա Ճաղարյան

   

Նախորդ հոդվածը‘I խումբ. Պորտուգալիան պարտվել է Ալբանիային(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քառյակը առաջարկում է արտագաղթի պատճառների շուրջ լսումներ կազմակերպել ԱԺ-ում (Տեսանյութ)’