‘Հակախմբագրական. «Մեղայաստծու»’

3073

Վերջերս շատ էի մտածում, թե ի՞նչ անեմ տանս կուտակված ավելորդ փողերը: Անտեր «թուղթն» այնքան շատ էր հավաքվել, որ տանը էլ տեղ չկար դա տեղավորելու, մի կերպ խցկելու. դարակները՝ լցված, պահարանները՝ լիքը, իսկ փողը հա գալիս ու գալիս էր: Վստահ եմ, որ հայաստանցիների ճնշող մեծամասնությանը (բացի, անշուշտ, չարքաշ կյանք վարող եւ հանուն ժողովրդի բարեկեցության գիշեր ու ցերեկ տառապող պաշտոնյաների մի նեղ խմբից) ծանոթ է այս վիճակը:

Առաջին տարին չէ, որ շնորհիվ երկրի աննախադեպ ծաղկման ու տնտեսական աճի՝ ավելցուկ գումարներն ինչի վրա ծախսելը դարձել է մեր առօրյայի լրջագույն խնդիրը: Բոլորս արդեն ունենք սեփական նավեր, կղզիներ, ինքնաթիռներ, այն էլ՝ մի քանի հատ, բայց փողը հա՛ ավելանում ու ավելանում է: Բա ի՞նչ անենք:

Այդ խնդրի բավականին խելամիտ լուծում առաջարկեց օրերս հայրենի կառավարությունը (այն նույն կառավարությունը, որի գործունեության շնորհիվ փողերը մեր պահարաններում տեղ չեն անում). այժմ մենք գիտենք, թե որտեղ կարող ենք ծախսել փողի ավելցուկի գոնե մի՝ փոքր մասը: Դա կգնա էլեկտրաէներգիայի բարձրացած վարձի մարմանը: Վերջապես գոնե մի քիչ կթեթեւանանք: Բայց սա, իհարկե, քիչ է, եւ զարմանալի է, որ կառավարությունը չի գիտակցում, որ էլէներգիայի վարձի թեթեւակի բարձրացումը չի կարող խնդրի լիարժեք լուծում լինել: Իսկ գուցե կառավարությունը լավ էլ հասկանում է դա, բայց ընդդիմադիր դեմագոգների վախից՝ դեռեւս չի համարձակվում ավելի կոնկրետ քայլերի դիմել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայրենասեր մարդու պարտականությունն է այս իրավիճակում օգնել կառավարությանը:

Նախ՝ քաղաքացիներն իրենք պետք է բավականաչափ բարձր գիտակցություն ցուցաբերեն եւ առանց համապատասխան մարմինների որոշումների էլ՝ կամավոր կերպով ավելացնեն իրենց կողմից վճարվող վարձերի չափը գոնե երկու-երեք անգամ: Սա կլինի քաղաքացիական ակտիվության հոյակապ դրսեւորում: Երկրորդ՝ պետք է անընդհատ մեր աչքի առաջ ունենանք մեր բարձրաստիճան պաշտոնյաների դաժան առօրյան և ասկետիկ վարքը: Բոլորին էլ հայտնի է, որ բարձրաստիճան պաշտոնյան մեզանում, ստիպված լինելով ապրել զուտ այն չնչին աշխատավարձով, որը սահմանված է պետական բյուջեով, հաճախ օրվա քյաբաբի խնդիր է լուծում, բենթլիի չլուծված խնդիր ունի, շատ անգամ ամաչում է իր ընտանիքի անդամների աչքերին նայել: Բայց չէ՞ որ այդ մարդիկ մեր հայրենակիցներն են, հաճախ՝ ազգակիցները, ինչո՞ւ ոչ՝ եղբայրներն ու քույրերը: Ինչպե՞ս ենք նրանց այս վիճակը հանդուրժում: Անհրաժեշտ է ստեղծել հատուկ հիմնադրամ, ուր կամավոր-պարտադիր կերպով կհավաքագրվեն բնակչության ձեռքին կուտակված գումարների ավելցուկները: «Մարդա» եթե գոնե մի 1000 դոլար ամիսը մուծենք այդ հիմնադրամին, էլի մի քիչ կթեթեւանա իշխող վերնախավի վիճակը: Թե չէ ամոթ էլ է, երբ նայում ու համեմատում ես մերոնց՝ օտարերկրացիների՝ նիգերիացիների, զիմբաբվեցիների, զաիրցիների եւ այլ անկաշառ վերնախավերի ներկայացուցիչների հետ: Ի վերջո՝ սա ազգային պատվի հարց է: Իսկ եթե մեր քաղաքացիների ազգային, պետական գիտակցությունն այդքան ցածր է, որ պատրաստ չենք կամովին օգնել մեր եղբայրներին, ապա պետք է խորհուրդ տանք կառավարությանը կիրառել կոշտ մեթոդներ: Հերիք է օրենք-օրենք խաղանք՝ դա մեր վիճակում ավելորդ շռայլություն է: Պետք է մշակել եւ իրագործել ավելցուկների ուղիղ բռնագրավման մանրամասն ծրագիր: Ժամանակը չի սպասում, եւ սերունդները հազիվ թե ներեն մեր այսօրվա անհոգությունը:

Կա խնդրի եւ մեկ այլ՝ նուրբ կողմը: Նույն՝ էլէներգիայի մասով, պետք է լրջորեն բարձրացվի եւ քննարկվի հետեւյալ հարցը. իսկ արդյո՞ք բոլորն են արժանի դա սպառելու: Կարծում ենք՝ կան բնակչության խմբեր, որոնց համար դա միանգամայն ավելորդ է: Օրինակ, ինչի՞ վրա են ծախսում իրենց հասանելիք էլեկտրականությունն ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները: Երկրում իրավիճակը սեւացնելո՞ւ, մածունը սեւ ներկայացնելո՞ւ, իշխանության արդար ջանքերի արժեքը նսեմացնելո՞ւ վրա: Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ պետք է այդ դեպքում պետությունը նրանց լույսով ապահովի: Հարցը միայն տնտեսական չէ, այլեւ բարոյական եւ, եթե կուզեք՝ հոգեւոր: Ի՞նչ է լույսը, եթե ոչ կյանքի աղբյուր, մաքրության եւ բարու խորհդանիշ, հների պաշտամունքի առարկա, հույս բառի հետ հանգ բռնող՝ անկաշառ ֆոտոնների մատյան գունդ: Իսկ ովքե՞ր են իշխանության աշխատանքը սեւացնողները՝ խավարասերներ, լույսի թշնամիներ, հույսը կոտրողներ՝ անլույս, անհույս…..:

Իսկ մտածե՞լ եք արդյոք, որ մեր պապերը դարեր շարունակ ապրել են առանց էլեկտրաէներգիայի՝ ընդհանրապես, եւ ամենեւին էլ չեն բողոքել: Ի՞նչ է, Տիգրան Մեծը Հայաստանի սահմաններն ընդարձակելիս էլեկտրականության պահա՞նջ ուներ: Իսկ Խորենացին՝ իր երկերը գրելի՞ս, Ռոսլինը՝ նկարելի՞ս, Սայաթ-Նովան՝ նվագելի՞ս: Մեզնից պակա՞ս էին այդ մարդիկ, որ կարողացան այդ ամենն առանց էլեկտրականության անել, իսկ մենք այսպիսի վայնասուն ենք բարձրացրել մի կտոր լույսի շուրջ, բա ամոթ չէ՞:

Եթե լույս եւ էներգիա եք ուզում, փնտրեք այն ձեր մեջ, ինչպես խորհուրդ են տալիս հին իմաստունները: Փողով չես գնի իսկական լույս: Իշխանությունից էժան լույս պահանջելուց առաջ՝ գտիր լույսը քո մեջ, դարձիր լույս ինքդ: Հեշտ է պահանջել իշխանության փոփոխություն, իսկ կարո՞ղ ես փոխվել ինքդ, ապաշխարելով՝ վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ, զի մեղայ բանիւ եւ գործով՝ նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչաղանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով` արուական, իգական, անասնական, գրաստական, գազանական, ի գիշերի եւ ի տուընջեան երազական գիջութեամբ եւ անրջական գարշ աղտեղութեամբ, մեղայ Աստուծոյ: ……

Իսկականից որ՝ մեղա Աստծո:

 Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը քաղաքական էր’
Հաջորդ հոդվածը‘Կերակրատաշտից օգտվելու ճանապարհային քարտեզը’