‘Հակախմբագրական. Մոլորյալ մոլորակը մոլագար’

2398

Լինում է չի լինում, մի երկիր է լինում, ու այդ երկիրը հեչ երկիր չի լինում. մեկ լինում է, մեկ չի լինում: Մի խոսքով, երկնում է-չի երկնում, շատ երկակի իրավիճակ է լինում: Երկինքը երկաթից է լինում այս երկրում, երկուսը՝ երեք է լինում, երկարը՝ կարճ, մի երկյուղն՝ երկու վախ, ծովը՝ ծիրանի, վարդը` Վարդավառի, ծուխը           ծխանի, մազիրը` ռեհանի. ա՛խ ու վա՛խ են քաշում, այն էլ` քաշածներն էլ` իրենց քաշով չի գալիս:

Երկիրն էլ հո երկիր չի՝ մի ամբողջ երկրագունդ էր: Երկրագունդն էլ հո երկրագունդ չի՝ գժերի մոլորակ: Գժերն էլ հո սովորական գիժ չեն՝ երեխա-գիժ: Այսինքն՝ ով գիժ է՝ նորմալ է համարվում, իսկ թե ո՞վ է նորմալ գժերի մոլորակում, դա արդեն ոչ ոք չի հասկանում, որովհետեւ գժերի մեջ նորմալին իսկի նորմալները չեն տարբերում. համ էլ էլ ի՞նչ նորմալ, եթե նորմալը գիժն է, ու ասում են, թե ով փորձի սա հասկանալ, հենց ինքն էլ գիժ կդառնա, կամ էլ` արդեն գիժ է:

Հիմա չմտածեք, թե եթե այս մարդիկ գժոտ են, կամ երեխա, կյանքները չաղ ու բախտավոր է՝ ոչ դա՛րդ ունեին, ոչ ցա՛վ: Իրենք, իհարկե, չգիտեն, որ իրենք գիժ են, համ էլ այդ ո՞վ է, որ այս լուսավորյալ դարում չի հասկանում, որ գիժն ու նորմալը պայմանական բաներ են, բլա-բլա-բլա, տըռըֆըս, ամեն ինչ հարաբերական է, լյա, լյա, լյա, լյու-լյու-լյու, յա ծիբյա լյուբլյու, բայց դե մյուս կողմից էլ փաստ է, որ սրանք ահագին դժբախտ գժուկներ են, ու սիրում են իրենց դժբախտությունը, սիրում են իրենց դժբախտությունը` «գլոբալության» մեջ, եւ գլոբալությունն իրենց մեջ, եւ տարածաշրջանային գլոբալությունն իրենցից դուրս, եւ աշխարհաքաղաքականությունը եւ հազարամյակների դժբախտ ուղին՝ հավիտյանս հավիտենից, ամեն եւ ամենուրեք, բոլորով եւ բոլորեքյան:

Այդ ուղին հատկապես իրենց պոետներն են հորինել, թե իբր դժբախտ եք շատ, որովհետեւ դրանից հետեւում էր, որ «Լենին վելիկի նամ պուծ ազարիլ», ու յանի դժբախտ ես էությամբդ, հույս չունենաս, որ հանկարծ կարաս բախտավոր լինես, բայց հետո դա մոռացվեց, մնաց միայն դժբախտությունը: Բայց այդ ամենն՝ իմիջիայլոց:

Անցնենք այդ մոլորակի կարգուկանոնին: Կարգուկանոնը իսկը գժական է՝ ով ասում է՝ Նապոլեոնն եմ, ուրեմն, ինքը Նապոլեոնն է, բոլորն ասում են՝ դու Նապոլեոնն ես: Շատ հեշտ համակարգ է, այսինքն: Ասենք, որպեսզի այդ երկրում հայրենասեր լինես, պիտի ասես՝ ես հայրենասեր եմ: Ու որքան բարձր գոռաս, այնքան ավելի հայրենասեր ես, ու այդքան ավելի հավաստի է ասածդ: Նույնն ասենք, եթե դու սկզբունքային ես ուզում լինել, կամ ասենք` արեւմտամետ, կամ` առաջադեմ, կամ` ցանկացած այլ բան: Բավական է հայտարարես, որ դու սկզբունքային ես, ուրեմն է՛դ ես, որ կաս. ազնի՛վ ես, ուրեմն, է՛դ ես, որ կաս: Սա շատ հեշտացնում է կյանքը մոլորակում, ոորվհետեւ համաձայնեք, որ ավելի հեշտ է այդպես, քան, ինչպես այլ մոլորակներում ընդունված տարբերակը, որը ջանք է պահանջում, պնդման ստուգում, գործնական ապացույցներ:

Խնայված էներգիան կարեւոր է մեր այլմոլորակային մանչերի համար: Դե, աճող օրգանիզմ, բան: Պստո են՝ խաղալ շատ են սիրում: Տուն-տունիկ. ես պապան եմ, դու` մաման, ես բժիշկն եմ, դու` հիվանդ: Պարզապես այդ ամենը մեծականով, շատ լուրջ. դե ասենք, երեխեքը միշտ էլ խաղալուց շատ լուրջ են: Ասենք, քար է, այստեղից բարձրացնենք, տանենք մի երկու մետր էն կողմ: Մի հատ էլ կողքն ուրիշ քար դնենք: Հետո դա մոռանանք, փայտերն իրար վրա շարենք, հողը փորենք, վրան ջուր լցնենք, տանենք-բերենք: Գործ ենք անում՝ մի խանգարեք, չա՛ր մեծեր: Իսկ պատկերացրեք, եթե մոլորակ է, որտեղ մեծեր չկան, որ իրենց անկապ բաներվ բալեքին շեղեն, հեն ա ասենք՝ լազա՛թ, էլի:

Ու այդ թարս աշխարհում գնա խաղը «չխաղից» տարբերի: Օրինակ` եթե դրսերից մի լուր էին ստանում, որ ասենք այսինչ բանը, կամ` այսինչ տեղը վտանգավոր է, պետք չէ մոտենալ, ասում էին, ըհը, էսի սաղ խաղ ա, սրանք մեզ ուզում են խաբած լինեն ու հարիֆցնել: Ու հակառակը: Եթե մեկը գար մոտներն ասեր, երեխեք, ես ձեր զորավար Անդրանիկն եմ, եկեք իմ հետեւից, էս փեդն էլ իմ ձին ա, էն քարն էլ՝ ատոմային ռումբը, հոպա՜ գանգնամ սթայլ, այ էդտեղ ոչ մի խաբեություն չի կարող լինել՝ ինքն է որ կա՝ Անդրանիկ փաշան գերեզմանից ելած:

Այսքան հետաքրքիր էր կյանքը մոլորակում, որը մոլորակ էլ չէր, այլ պարզապես օլորվել-մոլորվել էր, օլոր-մոլոր ճամփեքին, անսահման թախիծն աչքերում, եւ մոլախոտի պես տատանվում էր մոլագար քամուց: Հետաքրքիրը հետաքրքիր էր, բայց ինչ-որ պահից ձանձրալի: Ոնց որ փչացած համակարգիչ, որի միջի ծրագրերի մի մասը պահպանվել է, բայց, օպերացիոն համակարգը չի աշխատում, կամ էլ` աշխատում է ծանր վիրուսի տակ՝ ինքն իրան միանում է, ինքն իրան անջատվում, ինքն իրեն ինչ-որ բաներ է անում, ու այդպես մինչեւ` տան լույսերը տանեն: Կամ ուրիշ կերպ՝ մարդու նման, որը ասես քայլող զոմբի-պոստապոկալիպսիս լինի՝ ոչ թե զոմբի, ոչ թե ապոկալիպսիս, այլ հենց քայլող զոմբի-պոստապոկալիպսիս՝ ամբողջության մեջ, ասենք աշխարհը կա, մարդու ստեղծածը կա, բայց` մարդ չկա:

Ու այս ամենն այսպես եղավ, դարձավ, նորից եղավ, չեղավ, կորավ, հայտնվեց, գտնվեց, փնտրվեց, խնդրվեց, ստացվեց, եկավ, գնաց, դարձավ, վերադարձավ մինչեւ որ՝ ուշադրություն՝ մոլորակում անսպասելի՛, հանկարծակի՛, պահի տա՛կ, հայտնաբերվեց …..Օ՜Ձ:

Օձը շատ իմաստուն էր, բայց դա արդեն այլ պատմություն է:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցերը Թուրքիայի մի շարք քաղաքներում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում արդարացրել են անչափահասին սպանած կամավորին’