‘Հակախմբագրական. Նաղըլ այն մասին, թե ինչպես դառնալ հայրենասեր’

2312

Մեկ գիշեր գլորվեց այն բանից հետո, երբ Հայաստանի ոստիկանությունը, մեծ զրկանքների գնով, հայտնաբերեց Արամ Մանուկյանի վրա հարձակվողին, եւ անհնարինն ակնհայտ դարձրած «հերոս» ոստիկանության հանդեպ «լափին տվող» մեր խանդավառությունը քանի դեռ կեսքուն-կեսարթուն է, սառնասրտորեն վերհիշենք, թե, ըստ ահա այս ոստիկանության, ինչու է թալինցի «հայրենասերը» քաջաբար եւ ինքնազոհաբար հարվածել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահին:

Ուրեմն, էս մարդը խոպանչի է: Այսինքն, Սերժիկ Սարգսյանի իմաստուն կառավարման շնորհիվ, բազմահազար Հայաստանի քաղաքացիների նման` երջանկությունից տռճիկ տալով մեկնել է Ռուսաստան` իր ընտանիքին յուղումեղրի մեջ պահելու նպատակով: Այս հայրենասերն, ուրեմն, ռուսաստաններում նստել-վեր է կացել մեր դարավոր բարեկամ ադրբեջանցիների հետ, ու էս մեր դարավոր բարեկամ ադրբեջանցիներն ամեն անգամ էս մեր հայրենասերի հետ ուտուշ-խմուշների ժամանակ սրտի կսկիծով ամոթանք են տվել իրենց կարդաշին, թե հացը, թարս աճած խիարն ու օղին ոնց են կուլ գնում դրա կոկորդով, երբ որ իր հայրենիքում էն աննամուս ընդդիմադիրներն օրուգիշեր հայհոյում են գլխավոր կարդաշ Սերժիկ Սարգսյանին, է՛ն մարդուն, ում իմաստուն կառավարման շնորհիվ` քարտեզի վրա չերեւացող փոքրիկ Թալինում ապրող «հայրենասերը» հայտնվել է Ռուսաստանի նման մեեեեեեեծ ու լայնարձակ երկրում:

Էս մեր «հայրենասերը» մի օր է դիմանում, երկու օր է դիմանում, մի շաբաթ է դիմանում, երկու շաբաթ է դիմանում… բայց դե` մարդ է, չէ՞, էն էլ` հայրենասեր մարդ, մի օր պետք է լցվեր, չէ՞, համբերության բաժակը: Ու լցվում է: Էս մեր հայրենասերն ադրբեջանցի իր եղբայրներին ասում է` վե՛րջ, գնում եմ մեր մեծ ախպոր թասիբին կանգնելու, բայց էդքան բանը որ գիտեք, մի լավություն էլ արեք ու ասեք, թե ով է ամենաշատը հայհոյում Սերժիկ Սարգսյանին: Ադրբեջանցիներն ասում են` էդ էլ չգիտե՞ս մինչեւ հիմա, պարզ չի՞, որ էն ձեր Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը: «Հայրենասերն» ասում է` ա՛յ, որ միանգամից հասցեն էլ տաք, ետ դառնալուց հետս Ղարաբաղի թթի օղի կբերեմ, մեկ էլ` թթու դրած թարս աճած խիար: Դրա եղա՞ծն ինչ է` ասում են ադրբեջանցիները, օղու շշի վրայից թղթի կտոր են պլոկում, վրան գրում են հասցեն ու տալիս հայրենասերին` փաժալըստա:

Ու էս մեր հայրենասերը թղթի կտորը դնում է դոշին` ուղիղ հանուն հայրենիքի թփթփացող սրտի վրա, պարտքով փող է վերցնում իր ադրբեջանցի եղբայրներից (ադրբեջանցի եղբայրներն, իհարկե, ասում են` ի՜նչ պարտք, ա՛յ քյոփօղլի, էդ սուրբ գործի համար մենք քեզ էս փողը նվեր ենք տալիս, բայց հայրենասերը դիմադրում է` չէ՛, չէ՛, էն իմ շեֆ Շմայսը փող կտա ինձ` մի բան էլ ավելի, ինքն էլ է ինձ նման հայրենասեր), ինքնաթիռ է նստում, ճանապարհին մտքում Զեյնաբ Խանլարովայի երգերից է կլկլացնում, որ հայրենասիրական ըմբոստ ոգին չնահանջի հանկարծ, խրոխտ դռդռոցով վայրէջք է կատարում «Զարթնոց» օդանավակայանում, անհողդողդ վճռականությամբ տաքսի է վարձում, ադրբեջանցիների հայրենասեր ձեռքով գրված թղթի կտորը մեկնում է տաքսու վարորդին եւ բուռն հայրենասիրաբար ասում` կարդա ու քշիր՝ հանուն հայրենիքի:

…Մնացածը գիտենք բոլորս:

Վստահ ենք, որ մեր բարեկամ ադրբեջանցիները Հեյդար Ալիեւի անվան մեդալով կպարգեւատրեն ե՛ւ Սերժիկ Սարգսյանի թասիբը վերականգնած էս մեր հայրենասերին, ե՛ւ Սերժիկ Սարգսյանի թասիբի համար օրուգիշեր աղոթող Հայաստանի ոստիկանապետին, ե՛ւ մի բուռ Հայաստանի քաղաքացիների առաջ ռուսաստանների եւ, ինչու չէ` ալամ աշխարհի դուռը լայնորեն բացած (գնացեք` աշխարհ տեսեք, քեֆ քաշեք, ի՞նչ եք էս ծակուռում նստել-մնացել)` թասիբի մեռած Սերժիկ Սարգսյանին:

Մաշա՛լլահ:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Պիկեն պատմել է իր որդուն վերաբերող զարմանալի փաստի մասին’
Հաջորդ հոդվածը’10 ուշագրավ փաստ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսելոնայի» ելույթների մասին’