‘Հակախմբագրական. Ո՛չ փաստարկ, ո՛չ պատկառանք. միայն լուտանք ու հալածա՜նք’

2284

Տագնապալից են օրերս, գիշերներս՝ անքուն ու անհանգիստ: Առավոտ ծեգին դեռ սուրճը չխմած՝ ստուգում եմ մամուլը, ստուգում եմ ֆեյսբուքը, ստուգում եմ էլփոստը: Չլինի թե՝ դավադիր մեկն իմ անունով էլ օֆշորային հաշիվ է գրանցել առանց իմ իմանալու եւ խոշոր գումար է փոխանցել այդ հաշվին՝ ինձ խայտառակելու նպատակով: Դարս փոխվել է, աշխարհս դառնացել, մարդկային նենգությունը չափ ու սահման չի ճանաչում այլեւս: Մարդը մարդուն գայլ է դարձել եւ սեւ ագռավ՝ չուզողության խաթեր համար մեկը մյուսի հաշվին միլիոններ է փոխանցում գաղտնի: Ո՛չ պատիվ, ո՛չ նամուս, ո՛չ բարի անուն, ո՛չ մեծերի նկատմամբ հարգանք, ո´չ պաշտոնի նկատմամբ պատկառանք… Վարչապետը, որ վարչապետ է՝ նույնիսկ նրա անբիծ, կիրթ անվան հետ խաղալու առջեւ կանգ չեն առել չարագործները: Բա մենք ի՞նչ անենք:

Այստեղ, սակայն, ավելի մտահոգիչ բան կա, քան զուտ անձնականը: Հայտնի է, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Եվ ահա, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական վերջին բուռն զարգացումների կոնտեքստում առավել մտահոգիչ է դառնում իբր պատահական ծագած օֆշորային սկանդալը: Ակնհայտ է, որ համաշխարհային կենտրոններն իրենց նպատակներն են հետապնդում, իսկ մեր թշնամիներն էլ զուր տեղը ժամանակ չեն կորցնում: Հիմա պատկերացնու՞մ եք, եթե իրականում թուրքերը բոլորիս վրա՝ ազգովի, ահելով ու ջահելով, ծերոց եւ տղայոց, արամբք եւ կանանաւք, օֆշորային գաղտնի հաշիվներ են բացել ու մարդա մի քանի միլիոն դոլար փոխանցել (նավթադոլարների փողին մուննաթ) եւ սպասում են հարմար պահի՝ դրանք հրապարակելու համար, որպեսզի բոլորիս վերջնականապես խայտառակեն ողջ աշխարհի առաջ: Կասեք՝ չի կարող լինել այդպիսի բան: Իսկ ձեզ թվում է, թե վարչապետը կամ Այրարատյան թեմի առաջնորդական փոխանորդը սպասո՞ւմ էին, պատրա՞ստ էին նման նենգ հարվածի, այն էլ՝ քաղաքական այսպիսի պատասխանատու պահի: Անհոգությու´նն է մեր ազգի դարավոր ոսոխը, անհոգությունն ու զգոնության պակասը: Դավեր են նյութում մեր թիկունքում, իսկ մենք… Նկարագրված սցենարը շատ իրապաշտական է: Ոչինչ չի կարելի բացառել, այն էլ՝ թուրքի պես ազգից: Եվ արդյո՞ք նրա ջրաղացին չեն լցնում ջուր նրանք, ովքեր օրուգիշեր շոշափում են այս թեման: Կարծում եմ, պատկան մարմինները պետք է վաղուց հետաքրքրված լինեին այս անձանց իրական դրդապատճառներով: Թե չէ մի օր կարող ենք արթնանալ եւ տեսնել, որ բոլորիս նույն օրն են գցել, նույն դավադիր երեք մԸլյոնը մեր հաշվին էլ են փոխանցել՝ այդ ժամանակ նոր կիմանանք Սարգսյանի ղադրը, բայց վախենամ, թե ուշ լինի արդեն:

Ցավն այն է, որ դավադիր այս ծրագրին, իրոք, գործակցում են որոշ ուժեր նաեւ երկրի ներսում: Սա եւս մեկ անուղղակի ապացույց է, որ դրանց ելույթները կոնկրետ գին ունեն, քյաշ փողով, որովհետեւ, ինչպես հայտնի է, վարչապետը լուռ հակադրության մեջ է ԱԺ մեծամասնության հետ, եւ եթե չլինի Սերժ Սարգսյանի կամքը, հենց գործող մեծամասնությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կհոշոտի կառավարությանը: Ականջ ունեցողը թող լսի, եւ հասկացողը կհասկանա, որ այս տրամաբանությամբ պետք է ամուր պահել մեր կիրթ, լուսավորյալ, անքյաշ-անփող վարչապետին, որը օֆշորային հաշիվը գրանցելու օրը գտնվում էր Պրահայում: Այս կոնտեքստում շատ կարեւոր են հետագա ՀՀ ընդհանուր զարգացման կոնցեպտների մասին խոսակցության ծավալումը, կոնցեպտուալ լուծումները, փիլիսոփայական շեշտադրումները, հասարակական հարաբերությունների որոշակի մակարդակի, ձեւերի շուրջ զրույցները՝ ինչպե՞ս ենք պատկերացնում հասարակական ճգնաժամը եւ դրա հաղթահարումը, նախեւառաջ տեսական, թե ի՞նչ տրամաբանություն պետք է լինի՝ հարցեր, որոնք չեն ենթադրում «այո» կամ «ոչ» պատասխան, եւ եկեք ճիշտ հասկանանք իրար՝ ելնելով վերջին երկու տարվա հարուստ կենսափորձից:

Տագնապալից են օրերս, գիշերներս՝ անքուն ու անհանգիստ: Առավոտ ծեգին դեռ սուրճը չխմած՝ ստուգում եմ մամուլը, ստուգում եմ ֆեյսբուքը, ստուգում եմ էլփոստը: Չլինի թե դավադիր մեկն իմ անունով էլ կոնցեպտուալ հաշիվ է գրանցել առանց իմ իմանալու եւ խոշոր կոնցեպտ է փոխանցել այդ հաշվին՝ ինձ խայտառակելու նպատակով: Դարս փոխվել է, աշխարհս դառնացել, մարդկային նենգությունը չափ ու սահման չի ճանաչում այլեւս: Մարդը մարդուն գայլ է դարձել եւ սեւ ագռավ՝ չուզողության խաթեր համար մեկը մյուսի հաշվին ճգնաժամեր է փոխանցում գաղտնի: Ո´չ պատիվ, ո´չ նամուս, ո´չ բարի անուն, ո´չ մեծերի նկատմամբ հարգանք, ո´չ փիլիսոփայական շեշտադրումների նկատմամբ պատկառանք…

Նախորդ հոդվածը‘Ջենիֆեր Լոպեսին դատապարտում են Թուրքմենստանի առաջնորդի ծննդյան տարեդարձին ելույթի համար’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ’