‘Հակակարկտային կայանների առեղծվածը’

2179

Վերջին շրջանում հանրապետության տարբեր շրջաններում է կարկուտ է տեղացել՝ մեծ վնասներ հացնելով գյուղատնտեսությանը:

Մասնավորապես մայիսի 17-ին Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղացած ուժեղ կարկտի հետեւանքով վնասվել են գյուղի մոտ 700 հեկտար գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ եւ այգիներ: Իսկ հարևանությամբ գտնվող Լուսակն գյուղում կարկտի հետեւանքով վնասվել են գյուղի մոտ 70 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ եւ այգիներ:

Տարածքները «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության»՝ ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում, այլ կերպ ասած՝ չկան  հակակարկտային կայաններ:

Նույն օրը Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հորդառատ անձրեւների հետեւանքով սելավաջրերը վնասել են գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները եւ այգիները:

Մայիսի 25-ին կարկտահարություն է գրանցվել նաև Լոռիի մարզում: Կարկուտ է տեղացել մարզի Վանաձոր քաղաքում, Սպիտակի եւ Ստեփանավանի տարածաշրջաններում, ինչի հետևանքով կարկուտը լուրջ ավերածություններ է իրականացրել մարզում:

ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչությունից հայտնել են, որ կարկուտից վնասվել են մարզի Լեջան, Ագարակ եւ Ամրակից համայնքները: 

Մայիսի 25-ին Արմավիրի մարզի Ամասիա գյուղում նույնպես կարկուտ է տեղացել:

Մայիսի 26-ին-ին Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան, Ազատամուտ, Գետահովիտ, Ենոքավան, Ակնաղբյուր եւ Աչաջուր գյուղերում կարկուտ է տեղացել:

Նկատենք, որ մայիսի 23-ին Արմավիր մարզ վարչապետի այցելության ժամանակ ԱԻՆ մասնագետները տեղեկացրել են, որ այնտեղ տեղադրված հակակարկտային կայանները իրականում արդյունավետ են, սակայն մարզում կան կայաններ, որոնք չեն գործել կարկտի օրը, քանի որ դրանք համայնքային սեփականություն են և միացված չեն ընդհանուր համակարգին:

Իսկ նախքան այդ, մայիսի 14-ին ՀՀ տարածքում տեղի ունեցած կարկտահարության դեպքերի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը վստահեցրել է, որ  Հայաստանում  կա 2 ռադիոլոկացիոն կայան` Լոռու և Արագածոտնի մարզերում, և 154 հակակարկտային կայան:

Փաստորեն, ստացվում է, որ 2 ռադիոլոկացիոն կայանները գտնվում եմ հենց այն շրջաններում, որտեղ և կարկուտ է տեղացել ու վնաս հասցրել գյուղատնտեսությանը: Իսկ, ահա, ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից էլ պնդում են, որ կարկուտը հնարավոր է եղել կանխել միայն այն շրջաններում, որտեղ տեղադրված են եղել հակակարկտային կայաններ, իսկ որոշ տեղերում էլ կայանները պարզապես չեն աշխատել:

Կազմակերպության այս պատասխանից «հակակարկտային» թեմայի վերաբերյալ եղած հարցերին նորանոր հարցեր են ավելանում: Մասնավորապես՝ կարկուտից տուժած ո՞ր տարածքներն են «ծածկված» եղել հակակարկտային կայաններով: Ո՞ր տարածքներում են կայանները խափանված եղել, եւ ո՞րն է եղել խափանման պատճառը: Ի վերջո, յուրաքանչյուր կայաննի գինը շուրջ 30 հազար ԱՄՆ դոլար է, իսկ դրանց մեծ մասը ձեռք է բերվում պետական միջոցներով: Գուցե այստեղ է՞լ «ատկատներն» են աշխատել, ասենք՝ մաշված կայանները ձեռք են բերվել նորի գնով կամ ընդհանրապես ձեռք չեն բերվել: 

Նախորդ հոդվածը‘Քարին Տակը կապահովվի կանոնավոր ջրամատակարարմամբ’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու սպանության մեջ կասկածվողը կամավոր ներկայացել է’