‘Հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը չընդգրկվեց ԱԺ օրակարգում’

833

Ազգային ժողովը 41 կողմ, 62 դեմ ձայներով «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»՝ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի, Ալեքսանդր Արզումանյանի և Խաչատոր Քոքոբելյանի ներկայացրած նախագիծը չընդգրկեց ԱԺ օրակարգում:

Մինչ քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն իրապես կարևորում է նման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը ԱԺ-ի ֆորմատում և կողմ է քվեարկելու:

«Այդուհանդերձ, մեզ համար ընդունելի չէ ձևակերպումը, որ նման հանձնաժողովի անդամ կարող են լինել բացառապես այն խորհրդարանական խմբակցությունները, ովքեր ԱԺ կանոնակարգով հայտարարել են իրենց ընդդիմություն լինելու մասին»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ որոշման մեջ պետք է կատարվի փոփոխություն, և բոլոր խորհրդարանական խմբակցությունները, անկախ կանոնակարգի այդ դրույթից օգտվելու իրենց լիազորությունից՝ հնարավորություն պետք է ունենան մասնակացելու հանձնաժողովի աշխատանքներին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ ասաց, թե լրացված տարբերակում հանձնաժողովը ձևավորվում է խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև՝ անկախ պատգամավորներից՝ մեկ ներկայացուցիչ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի «բաց» մարզումը լուսաբանելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. 7%-ով նվազագույն աշխատավարձ են բարձրացնում, երբ գները բարձրացել են 10,1 %-ով’