‘ՀԱԿԿ-ի առեղծվածի լուծումը (լսել կից ձայնագրությունը)’

2528

«Բրիտանական Գիտության աջակցման» հայաստանյան կենտրոնը՝ հատուկ iLur-ի համար

Քանի որ վերջին շրջանում մեր մամուլում հաճախակի են դարձել հիշատակումները ՀԱԿԿ առեղծվածային կազմակերպության մասին, մեր կենտրոնը փորձեց փոքրիկ հետազոտություն անել այդ թեմայի շուրջ: Պարզվում է, որ Հայաստանում կա ՀԱԿԿ անունով գրանցված մեկ կազմակերպություն՝ Հայաստանի աշխատավորության կոմունիստական կուսակցությունը: Զարմանալի է, սակայն, որ այդ՝ համեմատաբար քիչ հայտնի կազմակերպությունն այդքան ուշադրության է արժանանում մամուլում: Ենթադրեցինք, որ այստեղ ինչ-որ շփոթ կա, եւ պետք է հասկանալ դրա պատճառը:

Կարծիք կա, որ ՀԱԿԿ ասելով՝ գոնե որոշ դեպքերում մարդիկ նկատի ունեն ՀԱԿ կուսակցությունը: Ճիշտ է, դա այս պահին ընդամենը վարկած է, քանի որ դժվար է պատկերացնել, որ հակառակ իրավական, տրամաբանական եւ լեզվական-ուղղագրական բոլոր կանոնների՝ կարող է այդպիսի շփոթ առաջանալ: Այնուամենանիվ, եթե վարկածը հաստատվի, ապա ենթադրվում է, որ շփոթի պատճառներն իրականում զուտ լեզվահոգեբանական են: Որոշ անձանց գլխուղեղում ՀԱԿ հապավման արտասանությունն առաջացնում է անկառավարելի ազդեցությունների շղթա, որն ազդելով տվյալ անձի առոգանական հմտությունների վրա՝ ստիպում է անհարկի երկարացնել վերջին «կ»-ն: Արդյունքում՝ ՀԱԿ-ի փոխարեն՝ ստացվում է ՀԱԿԿ, ՀԱԿԿԿ, ՀԱԿԿԿԿ եւ այլն՝ կախված տվյալ անձի ընդհանուր տագնապային ֆոնի աստիճանից, մանկական տրավմատիկ հիշողությունների զորությունից, նաեւ՝ կոմերիտական ծառայողական ոգու պարունակությունից՝ ներաշխարհի մեկ քառակուսի սանտիմետրում (ստանդարտը 40 տոկոսն է, բայց կարող է լինել մինչեւ 70-80 տոկոս՝ առ հոգու մակերես, եւ այս թիվն էլ կարող է տատանվել ձմեռայինից ամառային արձակուրդ ընկած ժամանակահատվածում): Այլ կերպ ասած՝ որոշ անձանց մոտ առաջ է գալիս ակնթարթային տեղական բնույթի քաղաքականացված կակազում (առաջին անգամ է նկարագրվում արդի գիտության մեջ):

Չնայած մեխանիզմը դեռ ուսումնասիրման փուլում է, սակայն մեր «բրիտանական» խմբի անդամ Վազգեն Ղազարյանն առաջարկել է խնդրի լուծման իր դեղատոմսը: Ըստ Ղազարյանի վարկածի՝ ակնթարթային կակազման նոպաները կարելի է բուժել, եթե տվյալ ախտորոշումը ստացած անձը մի քանի անգամ իրար հետեւից լսի հետեւյալ ձայնագրությունը, որտեղ ՀԱԿ հապավմանը կցված են աշխարհի տարբեր լեզուներում առկա «Կ» հնչույթին մոտ բազմազան տարբերակները: Դրանք բոլորը ճշտված են ըստ միջազգային հնչյունաբանական այբուբենի (http://en.wikipedia.org/wiki/International_Phonetic_Alphabet): Եթե լսելը չօգնի, ապա խորհուրդ է տրվում փորձել արտասանել ստացվող հապավումը՝ հետեւելով ձայնագրությանը: Համոզմունք կա, որ արտասանման մի քանի փորձերից հետո ախտը լիովին բուժվում է, եւ հաճախորդը վերադառնում է բնականոն՝ ՀԱԿ արտասանությանը: Իսկ առավել հետաքրքրասերների համար ներկայացնում ենք նաեւ ձայնագրության վերծանումն ըստ միջազգային հնչյունաբանական այբուբենի. hak,kʷ,kʲ,kʼ,kʷʼ,kʲʼ,q,qʷ,qʲ,qˤ,qˤʷ,qʼ,qʷʼ,qʲʼ,qˤʼ,qˤʷʼ,kʟ,kʟ,kʟʷʼ,kʟʷʼ,kʟʷʼː,kʟʷʼː,ǂ,ǂʰ,ᶢǂ,ᵑǂ,ᵑǂˀ,c,cʼ,kxʼ,kxʷʼ,qχʼ,qχʷʼ,kxʼːː,qχʼːː : Այս բոլոր հնչյունների նկարագրությունն ու արժեքը կարող եք գտնել համապատասխան հղումով (http://en.wikipedia.org/wiki/International_Phonetic_Alphabet): 

Նախորդ հոդվածը‘Մասիմո Մորատի. Խանդանովիչի ոտքը «Բարսելոնայում» չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Խոստովանությունն առանց ապաշխարանքի ցինիզմ է’