‘ՀԱԿ խմբակցությունը մենաշնորհների հարցով հարցապնդում է ներկայացրել կառավարությանը’

996

«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը դիմել է կառավարությանը մենաշնորհների վերաբերյալ հարցապնդումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մանրամասնելով, որ համաձայն կանոնակարգի մասին օրենքի՝ ամեն խմբակցություն նստաշրջանի ժամանակ մեկ անգամ իրավունք ունի հարցապնդում կատարել կառավարությանը:

«Դա գրավոր փաստաթուղթ է, որը ուղարկվում է կառավարությանը, և նա պարտավոր է քսանօրյա ժամկետում պատասխանել այդ գրավոր հարցապնդմանը: Խմբակցությունը եթե անբավարար է համարում այդ պատասխանը, կարող է դա հնչեցնել ԱԺ նիստում և քվեարկության դնել ԱԺ որոշման նախագիծ»,- ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով՝ իրենք համարում են, որ տնտեսական զարգացմանը խոչընդոտում է մենաշնորհային համակարգը, որն այսօր ձևավորվել է, և որը հովանավորվում է բարձրագույն իշխանության կողմից:

«Կոնկրետ հարցեր ենք դրել կառավարության առջև ու մշակել ենք հակամենաշնորհային անհապաղ, անհետաձգելի միջոցառումների փաթեթ: Մենք մենաշնորհների վերացման հետ կապված փաթեթը վաղը դնելու ենք քվեարկության, վաղը մենք կպարզենք, թե որ ուժերն են շահագրգռված մենաշնորհների պահպանմամբ, և որ ուժերն են իրականում աջակցում բոլոր ջանքերին, որոնք ուղղված են մենաշնորհների վերացմանը»,- հայտարարեց Զուրաբյանը:

Զուրաբյանն ընդգծեց, որ մենաշնորհների դեմ պայքարելու են սկզբունքորեն՝ անկախ նրանից, թե ով ինչ մենաշնորհներ ունի: Նա նշեց, որ իրենց հարցապնդման մեջ կենտրոնացել են սպառման ապրանքների շուկայում տիրող մենաշնորհների վրա՝ բենզին, շաքար, ալյուր, դեղորայք և այլն:

«Ամենամեծ արատը, որը քաղաքական և տնտեսական համակարգում այսօր կա Հայաստանում, այն է, որ ՀՀ իշխանությունները դուրս են մղել ձեռնարկատիրական խավին Հայաստանից՝ սպանելով մրցակցությունը: Այդ խավը տեղափոխվելէ արտասահման, զվաղված է բիզնեսով ու տրանսֆերների միջոցով գումարներ է ուղարկում Հայաստան, ինչի միջոցով ձևավորվում է գնողունակությունը, որի վրա պարազիտիզմով են զբաղվում ներկրող օլիգարխները, որոնք ունեն ՀՀ իշխանությունների կատարյալ հովանավորումը»,- հայտարարեց Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունն» էլ է ստորագրահավաք նախաձեռնել` ՍԴ դիմելու համար’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր. թիմերի գործակիցները’