Հաճախ աղավաղվող հայերեն 10 բառ

4050

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուջինյանը  «Art 365» կայքի առաջարկությամբ անդրադարձել է հաճախ աղավաղվող հայերեն տասը բառերի։

Հայերեն մի շարք բառեր հաճախ աղավաղված են գործածվում գրավոր և բանավոր խոսքում: Մենք առանձնացրել ենք մեկ տասնյակ այդպիսի բառեր՝ հույս ունենալով, որ դրանք շուտով այս տասնյակում չեն լինի:

Ցանկով ներկայացնում ենք բառերի ճիշտ գրությունը, որպեսզի դրանց սխալ տարբերակները չամրակայվեն ընթերցողի հիշողության մեջ:

ՕՐԱԿԱՆ

ՕՐ արմատին միացել է –ԱԿԱՆ ածանցը՝ ՕՐԱԿԱՆ:  Բայց հաճախ ենք լսում, երբեմն նաև կարդում «օրեկան» սխալ տարբերակը: Որտեղի՞ց է այս Ե-ն:

ՏԱՐԵԿԱՆ բառի նմանությամբ է գոյացել:  ՏԱՐԻ բառի Ի-ն, -ԱԿԱՆ ածանցի Ա-ին միանալով, օրինաչափորեն դառնում է Ե: ՕՐԱԿԱՆ-ը ոչ մի կերպ Ե չի կարող ունենալ:

ԲԱՐՅԱՑԱԿԱՄ

Բառը կազմվել է Ա հոդակապով՝ ԲԱՐՅԱՑ+Ա+ԿԱՄ, ուստի Ա-ն չպիտի զեղչել ու ասել «բարյացկամ» (կամ էլ «անբարյացկամ»)։

ՍՆԱՆԿԱՆԱԼ

Այս բառի հիմնական կազմիչներն են ՍԻՆ և ԱՆԿ: Բայ կազմելիս ՍԻՆ-ի Ի-ն հնչյունափոխվում է չգրվող Ը-ի՝ ՍՆ (ինչպես որ ունենք ՍՆԱՀԱՎԱՏ, ՍՆԱՄԵՋ), ապա՝ ՍՆԱՆԿ և վերջապես՝ ՍՆԱՆԿԱՆԱԼ: ԱՆԿ-ի Ա-ն մնում է անփոփոխ, ուստի լիովին մերժելի է «սննկանալ» տարբերակը։

ՈՒԹՍՈՒՆ

Բացատրությունը դյուրին է. կազմվել է ՈՒԹ արմատից և -ՍՈՒՆ «տասը՝ տասնյակ» նշանակող ածանցից: Սխալմամբ ասում են «ութանասուն» (նաև «ուցուն»): Այսպես են ասում ՅՈԹԱՆԱՍՈՒՆ-ի նմանությամբ: ՅՈԹԱՆԱՍՈՒՆ-ի կազմության ընթացքը, սակայն, ուրիշ է. գրաբար ՅՈԹՆ, որի սեռական հոլովաձևը՝ ՅՈԹԱՆ, ապա՝ Ա հոդակապ և -ՍՈՒՆ ածանցը:

ՀԱՄԲՈՒՐԵԼ

Բայն առաջացել է ՀԱՄԲՈՒՅՐ-ից, որի ՈՒՅ-ը դառնում է ՈՒ՝ ՀԱՄԲՈՒՐԵԼ: Բոլորովին անընդունելի է բառի «համբյուրել» տարբերակը, որի պատճառը «համբյուր» սխալն է:

ՊԱՏՃԵՆ

Այս բառը վերջում Ն ունի, ուստի ՊԱՏՃԵՆԸ, ՊԱՏՃԵՆԻ, ՊԱՏՃԵՆՈՎ և այլն: Գրասենյակներում ասվող և գրվող «պատճե» տարբերակը պարզապես սխալ է:

ԻՐՈՔ

Այս կարճ բառը ոմանք «երկարացնում են»՝ դարձնելով «իրոքից», որ լիովին խոտելի է: Այդպես է արվում խոսակցական ԻՍԿԱԿԱՆԻՑ, ՍՏԻՑ և համանման բառերի նմանությամբ թերևս:

ՄԱՆՐԱՄԱՍՆ

Բառի վերջում Ն է, քանի որ գրաբարում եղել է ՄԱՍՆ, որից էլ՝ ԱՆՄԱՍՆ, ՄԱՍՆԻԿ, ՄԱՍՆԱԿԻ, ՄԱՍՆԱՎՈՐ, ԲԱՐԵՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ և այլն: Ամբողջովին մերժելի է Ն-ի փոխարեն Ը դնելը՝ «մանրամասը»:

ՎԱՅՐԿՅԱՆ

Հինգերորդ դարից է հասել մեզ (ավանդական ուղղագրությամբ՝ ՎԱՅՐԿԵԱՆ): Արմատն է ՎԱՅՐ, որի Յ-ն  սղելը և բառը «վարկյան» դարձնելը սխալ է:

ԱՆՁԻՆՔ

ԱՆՁՆ բառի գրաբարյան հոգնակին է ԱՆՁԻՆՔ, որն այդպես փոխանցվել է նոր հայերենին: «Անձիք» սխալ տարբերակը որևէ կերպ չի հիմնավորվում:

Նախորդ հոդվածըԲաքվում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունը հետաձգվել է. «Արմենպրես»
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» չի ցանկանում Գրիզմանին բաց թողնել «Ատլետիկո»՝ հիշելով Սուարեսի պատմությունը