‘Համագործակցություն հանցագործների հետ ‘

1854

Վերջերս ամերիկյան մամուլում մի հրապարակում եղավ, որտեղ նշվում էր, թե ինչպես է Սերժ Սարգսյանի անունը հայտնվել թմրամիջոցների առևտրի մեջ, և այն մարդիկ, ովքեր մի քանի անգամ դատապարտվել են թմրամիջոցների տարածման համար, 2007-ին հանձն են առել ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի նախընտրական  փիարը անել՝ դրա համար վարձատրվելով հարյուր հազարավոր դոլարներով: Մանրամասներին ծանոթանալ ցանկացողները համացանցում կարող են հեշտությամբ գտնել այդ փաստագրական հոդվածը, սակայն խոսքն այժմ այդ մասին չէ:

Հետաքրքրականն այն էր, որ ԱՄՆ կառավարությունը չի թաքցնում այն փաստը, որ մի քանի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող հանցագործներին ազատել է պատասխանատվությունից, միայն թե համագործակցեն ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ՝ ավելի մեծ հանցագործություններ կանխելու նպատակով:  Դեռ հարց է՝ ո՞ր մի հանցագործությունն է ավելի ծանր՝ այժմ տեղի ունեցա՞ծը, թե՞ հետագայում սպասվողը: Սակայն դա ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատաոճն է, և ԱՄՆ դատարաններն էլ աջակցում են այդ գործունեությանը: Այստեղ խնդիրը բարոյականության հարթության մեջ չի դիտվում, այլ պարզ հաշվարկ է, թե  մեկ հանցագործի ներում շնորհելով՝ նրա օգնությամբ քանի՞ ավելի կամ պակաս վտանգավոր հանցագործ է հնարավոր բացահայտել և մեկուսացնել:

Դե, իհարկե, լինում են դեպքեր, երբ այդպիսի համագործակցությունը լրիվ այլ արդյունք է տալիս. բեն-Լադենի ԱՄՆ գործակալ լինելն էլ չխանգարեց բազմապիսի չարագործություններ գործելուն: Սակայն դա կրկին մեր խնդիրը չէ:

Այժմ էկրաններին է «Ուոլսթրիթի գայլը» ֆիլմը, որտեղ նույնպես գլխավոր հերոսը, ով թաղված է բազմապիսի հանցագործությունների մեջ, իր կաշին փրկելու համար մատնում է ընկերներին և շարունակում իր ուզած ձևով ապրել:

Այսքան երկար շարադրեցի նախաբանը, որպեսզի հասնեմ բուն թեմային, ու հասկանալի լինի, թե ինչու է ԱՄՆ-ն այսքան ժամանակ պահում Սերժ Սարգսյանին:

Թվում էր, թե մարտի մեկի մարդասպանություններն ու դրանք չբացահայտելով՝ կոծկելը, կեղծված ընտրությունները, Սաշիկ Սարգսյանի և որդիների պարբերաբար կրկնվող սկանդալները, տնտեսական հանցագործությունները, լիսկաների ու նեմեցների ամենաթողությունն ու այլ մանր ու մեծ հանցագործությունները հերիք էին, որպեսզի ԱՄՆ կառավարությունը դադարեր աջակցություն ցույց տալ և պաշտպանել Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին : Սակայն՝ չէ, որևէ կերպ ԱՄՆ-ն չի փոխում իր դիրքորոշումը, և ամեն մի նոր դեպքից հետո կրկին աչքերը ավելի ամուր են փակված մնում:

Շատերը կարող են այդ պատճառով հիասթափվել ԱՄՆ-ից, սակայն այստեղ ոչ թե հիասթափության, այլ մոտեցման խնդիր է. Սերժ Սարգսյանը, համագործակցության գնալով ԱՄՆ-ի հետ, կարողացել է համոզել, որ եթե ինքը չլինի, ապա Ռուսաստանը իրենից ավելի վատին կբերի Հայաստան, ով, ամեն ինչից բացի, նաև չի համագործակցի ԱՄՆ-ի հետ: 

ԱՄՆ-ի տեսանկյունից, հնարավոր է՝ նրանց հաշվարկը ճիշտ է, սակայն այստեղ ոչ ԱՄՆ-ի հարցն է քննարկվում, ոչ էլ Ռուսաստանի: Այստեղ միայն ու միայն Հայաստանի հարցն է քննարկվում. այն է՝ Սերժ Սարգսյանի ղեկավարության ավելի քան վեց տարիների ընթացքում, Հայաստանում տիրող բարքերի պատճառով երկիրն արնաքամ է լինում, երկրից մոտ 300.000 մարդ է հեռացել, բնակչությունն էլ, տեսնելով, որ երկրում տեղի ունեցող երևույթների վրա Արևմուտքն ու Ռուսաստանը աչք են փակում, որոշում է կայացրել, որ ավելի լավ է լքի երկիրը և սեփական գլխի ճարը տեսնի՝ գոնե համեմատաբար ավելի քիչ հանցագործ երկրներում:

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը կհանդիպի ընդդիմության առաջնորդների հետ’
Հաջորդ հոդվածը‘Էրեբունիում հունվարի 24-ին ջուր չի լինի’