‘Համակովկասյան այբուբեն՝ ապագային ուղղված կոնկրետ նախագիծ’

2664

Մարտի 22-ին, ուրբաթ, ժամը 18.30-ին Բաղրամյան 40 հասցեում գտնվող Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ալեք Մանուկյան սրահում (նոր մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վազգեն Ղազարյանի «Համակովկասյան այբուբենի նախագիծ» գրքի շնորհանդեսը:

iLur.am-ը զրուցել է հեղինակի հետ՝ բացահայտելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում Համակովկասյան այբուբենը:

Համակովկասյան այբուբեն, խնդրում եմ բացեք փակագծերը, ի՞նչ է դա։

Նախ՝ սկսեմ սկզբից. Հյուսիսային Կովկասում և ընդհանրապես կովկասյան տարածաշրջանում բավականին մեծ խտությամբ հանդիպում են բազմաթիվ ժողովուրդներ և լեզուներ: Այս փոքր տարածքում՝ Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս և հարավ, խոսվում է 50 տարբեր լեզուներով: Լեզուների խտությամբ և բազմազանությամբ Կովկասն աշխարհում զբաղեցնում է առաջնային դիրքերից մեկը՝ հաշվի առնելով նաև տարածքի փոքրությունը: Այս տարածքում ոչ միայն լեզուներն են շատ, այլ դրանք պատկանում են միմյանցից անկախ 5 լեզվաընտանիքների, որոնցից 3-ը հանդիպում են միայն այդ տարածաշրջանում, աշխարհում որևէ այլ տեղ այդ լեզուներով խոսող չկա:

Որպես օրինակ՝ վրացերենը և համապատասխան՝ քարթվելական լեզվաընտանիքի մյուս լեզուները միայն այս տարածքում են խոսվում։ Նույն կերպ էլ Հյուսիսային Կովկասի 2 լեզվաընտանիքները՝ աբխազ-ադըղականը և նախ-դաղստանյանը, հանդիպում են բացառապես Կովկասում:

Երբ ուսումնասիրում ես այդ լեզուների սոցիոլինգվիստիկ վիճակը, տեսնում ես, որ այդ դրանց ապագան լրջորեն վտանգված է: Պատճառները բազմաթիվ են։ Նախ՝ դրանցով խոսող մարդկանց քանակն այդքան էլ շատ չէ, իսկ մյուս կողմից էլ՝ ռուսալեզու գերիշխող միջավայրը թույլ չի տալիս, որ այդ լեզուներն առաջնային դիրք գրավեն անգամ սեփական դաշնային պետություններում:

Գլխավոր պատճառներից է նաև այն, որ այդ լեզուները չունեն նորմալ գրային համակարգ՝ այբուբեն, ինչի պատճառով էլ դրանց վիճակված է մնալ լավագույն դեպքում երկրորդ լեզվի կարգավիճակում իրենց իսկ հանրապետություններում: Այս բոլորը միասին վերցրած՝ տանում են լեզվի աստիճականական արտամղման և մոռացության: Շատ լեզուներ կան, որ իրենց թվաքանակով կրճատվել են, շատացել են այն լեզուները, որոնք ունեն ընդամենը մինչև մի քանի հազար կրող:

Հյուսիսկովկասյան լեզուները թվաքանակով 37-ն են, որոնցից միայն 11-ն ունեն գրական տարբերակ, իսկ մնացածը մինչև այսօր նույնիսկ գրված չեն, այսինքն՝ մնում են բանավոր ու հայտնվել են անհետացման վտանգի առջև: Սրանք կամ հետագայում աստիճանաբար մոռացության են մատնվելու են՝ ձուլվելով կամ հարևան ավելի մեծ լեզուներին, կամ էլ նրանց հետ միասին ամբողջովին դիրքերը զիջելու են ռուսերենին: Փաստորեն ստացվում է, որ այս հարստությունը վերանալու է՝ մարդկային մշակույթը կկորցնի Կովկասը։

Ինչո՞վ են այդ լեզուները հարստություն, ինչն է նրանց առանձնացնում աշխարհի այլ բանավոր լեզուներից:

Հարստություն է այն պատճառով, քանի որ այս լեզուներից շատերը՝ աբխազերենը, ադըղերենը, աբազերենը, թաբասարաներենը, արշերենը, աղուլերենը, լեզգերենը, ավարերենը և այլն, պարունակում են 60-80 և ավելի բաղաձայն և համարվում են հնչյունային տեսանկյունից ամենաբազմազանը աշխարհում։ Դրանք ունեն նաև մի շարք քերական առանձնահատկություններ։ Օրինակ՝ թաբասարաներենն իր հոլովական համակարգով համարվում է աշխարհում ամենաբարդը. ունի մոտ 50 հոլով: Լինելով գերազանցապես բանավոր լեզուներ և չունենալով բազմադարյա գրային ավանդույթ՝ այս լեզուները, այնուամենայնիվ, իրենց կառուցվածքով բացառիկ են: Ժամանակակից աշխարհում գրեթե ամեն 10 օրը մեկ մի լեզու է անհետանում և յուրաքանչյուրի հետ միասին մարդկությունը կորցնում է իր հարստության ու բազմազանության մի մասնիկը՝ աղքատանալով իր գաղափարներում և մտածողության ձևերում, որոնք յուրաքանչյուր լեզուն զարգացրել է հազարամյակների ընթացքում։ Ամեն քիչ թե շատ փոքրաքանակ լեզու՝ անգամ հայերենն է այսօր կանգնած է նման վտանգի առջև. մեռնող արևմտահայերենը մեզ օրինակ, հայերենի անհետացող բարբառները մեզ օրինակ… Քանի՞ մարդ կա Հայաստանում, որ դեռ հիշում է Վանի, Մոկսի, Շատախի բարբառները և ավելին՝ խոսում է դրանցով։ Դժվար է ասել, թե հայերենի մոտ 60 բարբառներից քանիսն են դեռ կենդանի։ Արամոյի բարբառով այսօր երևի մի 3 ընտանիք է խոսում ընդամենը։ Լեզուների աստիճանական մոռացության մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաև ծնողները, որոնք իրենց երեխաներին չեն սովորեցնում այն։ Հիշենք խորհրդային շրջանում հայաստանաբնակ հայերի՝ սեփական երեխաներին «լավ կյանք» դասավորելու համար ռուսալեզու կրթության տալու գրեթե հիվանդագին մոլուցքը, վերջերս օտարալեզու դպրոցների վերաբացման մեծ աղմուկ բարձրացրած վտանգավոր նախաձեռնությունը։ Եթե սեփական պետություն, դարավոր գրային ավանդույթ և մրցունակ լեզու ունեցող, սեփական ազգային ինքնությամբ իբր այդքան հպարտացող ժողովուրդը կարող է պետականորեն իրեն թույլ տալ նման անպատասխանատու կեցվածք սեփական լեզվի ապագայի նկատմամբ, ապա ի՞նչ անեն կովկասյան ազգերը, որոնք հաճախ չունեն մեր պոտենցիալ հնարավորությունների չնչին մասն անգամ։

Իսկ ինչպե՞ս պահպանել այդ լեզուները, ո՞րն է լուծումը:

Իսկ ի՞նչն է նպաստում լեզվի անհետացմանը՝ էթնիկ ինքնագիտակցության աստիճանական թուլացումը։ Ի՞նչ անել, որ այն մնա ամուր: Իհարկե, այստեղ մի շարք անհրաժեշտ տարրեր կան՝ սեփական մրցունակ պետություն, ազգայինի և համամարդկայինի ներդաշնակություն, բավարար մարդկային, տնտեսական և գիտական ներուժ և, իհարկե, նաև գրավոր ավանդույթի առկայություն: Ներկա նախագիծը, որը բացառապես գիտական հետազոտության հիման վրա արված նորարարական առաջարկ է, կարող է օժանդակել այս լեզուներով խոսող հանրույթներին վերջին բաղադրիչի ուժեղացման գործում։ Բանն այն է, որ այս ժողովուրդներից շատերը 20-րդ դարի կեսերից սեփական լեզուների գրառության համար կիրառում են ռուսական այբուբենի «հարմարեցված» տարբերակներ, որոնք, սակայն, չեն համապատասխանում դրանց հնչական նվազագույն պահանջներին անգամ։

Ռուսական այբուբենը կովկասյան լեզուների համար լինելով թերի հնչյունային՝ այսինքն՝ մոտ 70 բաղաձայնի համար գործածելով ընդամենը 22 տառ և դրանց անտրամաբանական համակցություններ, գործնական և գեղագիտական լրջագույն անհարմարություններ է ստեղծում։ Սա է ռուսալեզու տիրապետող միջավայրում այս լեզուների աստիճանական գավառայնացման, արտամղման և մոռացման կարևորագույն պատճառներից մեկը։ Ի՞նչ է պետք անել այս բարդությունը հաղթահարելու համար։ Պետք է ներմուծել այնպիսի այբուբեն, որն ամբողջովին համապատասխանում է այդ լեզուներին, ոչ թե եղած որևէ այբուբեն վերցնել ու փորձել հարմարեցնել. դա երբեք չի ստացվի։ Պետք է ստեղծել այնպիսի գրային համակարգ, որն ի սկզբանե նախատեսված է հենց այս լեզուների համար:

Ինչպիսի՞ գրային համակարգ տալ, ինչպե՞ս եք դուք գտել լուծումը:

Ո՞րն է այն տարածաշրջանը, որի հետ Հյուսիսային Կովկասն ունի պատմական և մշակութային ամենասերտ կապերը։ Հարավային Կովկասը։ Իսկ Հարավային Կովկասն արդեն 1600-ամյա գրային անընդհատ մշակույթ ունի։ Լուծումը Հարավային Կովկասի՝ պատմական քննություն անցած գրավոր մշակույթի ոլորտը դեպի Հյուսիսային Կովկաս ընդլայնելն է: Այս նախագծով ես առաջարկել եմ տառ-հնչյուն փոխմիարժեքությամբ օժտված միանգամայն նոր, պարզ, համահավաք և ընդհանրական այբբենական համակարգ։ Այն օգտվում է Հարավային Կովկասի և Հայկական Լեռնաշխարհի երեք պատմական՝ հայոց, վրաց (հին վրացական այբուբենի մասին է խոսքը) և աղվանական այբուբեններում առկա տառաձևերի, կառուցուծքային տարրերի և նշանակերտման սկզբունքների ամբողջությունից: Ի մի է բերվել նշված երեք այբուբենների կառուցվածքային ողջ ներուժը և այն համապատասխանեցվել հյուսիսկովկասյան լեզուների համահավաք հնչյունական համակարգին՝ ստեղծելով շատ պարզ և հեշտ հիշվող տառաձևերի բազային նշանակարգ։ Այն ունի բացառիկ հնարավորություններ նշված բոլոր 37 լեզուների բոլոր հնչական առանձնահատկություններն արտահայտելու համար և դեռ մի բան էլ ավելին։ Այն շատ ավելի բնական է և, նշեմ հատուկ, հեշտ հիշվող, քանի որ կառուցվում է տրամաբանական կանոններով՝ յուրաքանչյուր տառաձև ցույց է տալիս իր արտասանությունը։

Ինչպե՞ս։

Եկեք շնորհանդեսին և տեսեք։

Համակովկասյան այբուբեն նախագիծը առաջին հերթին Հյուսիսային Կովկասի ժողովուրդների համար է։ Քանի՞ լեզուներով է լույս տեսել Ձեր գիրքը, և կա՞ն արդյոք տարածման հնարավորություններ:

Քանի որ գլխավոր նպատակը Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին այս նախագծի հետ ծանոթացնելն էր, գիրքս լույս տեսավ երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն։ Այն նաև ունի անգլերեն համառոտ նկարագրություն: Գրքի տպագրությունը ֆինանսավորել է «Ներդաշնակ աշխարհ» ֆոնդը, որին ես հայտնում եմ իմ խորին երախտիքը։ Տարածման հնարավորություններն առայժմ շատ չեն, փորձում ենք հնարավոր ուղիներ գտնել գիրքը տեղի գիտնականներին հասցեագրված ուղարկելու համար: Միայն կովկասյան լեզուների կրողները և իրենց գիտնականները կարող են գնահատել արվածը կամ մերժել:

Լիլիթ Լալայան

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Մարտական դրություն’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Այվազյան. Սերժ Սարգսյանին հանդիպելը Ցեղասպանության ճանաչման հարցն են դարձրել’