‘Համամարդկային ճշմարտությունները ճանաչելու համար շնորհակալություն չեն ասում’

16604

Քաղաքացի Մարիամ Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրում է.

«Առավոտյան ուղիղ եթերով հետևում էի Բունդեսթագում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող նախագծի քննարկմանը։ Անկախ այն բանից, թե ինչ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ճանաչեց Գերմանիան Հայոց Ցեղասպանությունը՝ բուն փաստը ողջյունելի է և համոզված եմ, որ բոլոր հայերն էլ՝ այդ թվում նաև ես, ներքուստ ուրախացան էդ փաստից։

Բայց թե ինչ պատահեց ճանաչումից հետո, խորը մտահոգության տեղիք է տալիս… Այ հայեր, այ ես ձեր ցավը տանեմ, ինչի՞ համար եք «Դանքը» ասում։ Ի՞նչն է ձեզ ստիպում էդքա՜ն խղճուկ հոգեբանություն ունենալ։ Լսե՛ք՝ ՄԵ՛Զ են ցեղասպանել, մե՛նք պիտի մունաթ գանք ողջ աշխարհի վրա։ Վերջիվեջո մինչև ազգության հասնելը, ցեղասպանությունը ոճրագործություն է մարդկությա՛ն դեմ։ Եթե մարդ եք, ուրեմն չեք կարող չճանչել նաև Հայոց Ցեղասպանությունը…

Իսկ մենք երջանկությունից լացում ենք, քեֆ ենք անում, էնպիսի մի ցնծությամբ ենք ընդունում ու տոնում էդ լուրը կարծես թե նորի՛ց համոզվեցինք, որ դա իրոք Ցեղասպանություն էր…Մենք փաստորեն ճիշտ էինք ասում, տեսա՞ք…. Միթե՞ դժվար է հասկանալ, որ մեր էդ կեցվածքի պատաճառով է, որ մեզ մինչև էսօր լուրջ չեն վերաբերվում, որովհետև հա խնդրողի՛, աղաչողի՛, պաղատողի՛ և ապա շնորհակալություն հայտնողի ողորմելի դերում ենք։

Հասկացե՛ք, մենք առանց արտաքին միջամտությամբ պետք է դուրս գանք ԶՈՀԻ դերից։ Միայն այն ժամանակ երբ ինքնուրույն ձերբազատված կլինենք զոհի բարդույթից, նոր կկարողանանք պարտադրել աշխարհին ընդունել, որ մենք վախտին զոհ ենք եղել…

Եվ էս նույն պատճառով է, որ մեր ամենամեծ ցավը տարբեր պետություններ սարքել են իրենց համար ֆուտբոլի գնդակ՝ երբ իրենց քաղաքական շահերից բխում է, տշում են էս կամ էն կողմ։ Չգիտեմ, ինչո՞ւ ձեզ էդ հանգամանքը չի՛ հուզում, չի՛ վիրավորում, ձեր արժանապատվությանն ու պատվին չի՛ կպնում… Եթե կպներ, ի գիտություն կընդունեիք ճանաչման փաստը, ներքուստ կուրախանայիք, աննշան ժպիտ կերևար ձեր դեմքին և լուռ արժանապատվորեն կշարունակեիք ձեր գործը։ 
Հանրահայտ, համամարդկային ճշմարտությունները ճանաչելու համար շնորհակալություն չեն ասում…»:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մեր կտուրը կաթում է’
Հաջորդ հոդվածը‘Գրագողություններ’