‘Համաներումը կիրառելու համար կաշառք վերցրած երկու պաշտոնյա ձերբակալվել են’

886

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հայտարարությամբ դիմել է դատապարտված մի քաղաքացի, որ ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը և բաժանմունքի պետ, ԱՆ փոխգնդապետ Սահակ Հարությունյանը իրենից որպես կաշառք պահանջում են 400 հազար դրամ՝ ՀՀ ԱԺ ընդունած համաներումն իր նկատմամբ կիրառելու համար:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը, իրականացված միջոցառումների արդյունքում ԱՆ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատ քաղաքում գտնվող՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջին հարկի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է:

Կաշառքի առարկա հանդիսացող գումարն արձանագրվել ու վերցվել է, իսկ Ալեքսանդր Խաչատրյանն ու Սահակ Հարությունյանը բերման են ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

«Ալեքսանդր Խաչատրյանը և Սահակ Հարությունյանը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

 

Նախորդ հոդվածը‘«ԱրմենՏելը» հայտարարում է Comverse ONE նոր ծառայությունների հարթակին անցնելու մասին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ. Ստեփանակերտն անկեղծորեն շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացմամբ ‘