‘Համաներում. «Արդարադատության» զոհերի կողքին «կհամաներվեն» նաեւ վտանգավոր հանցագործներ’

2251

Վերջին  հինգ տարիների ընթացքում արդեն երրորդ անգամն է, ինչ ԱԺ-ում հաստատվում է դատապարտյալների նկատմամբ համաներում կիրառելու որոշումը: Դրա արդյունքում  2009  և 2011 թվականներին ընդհանուր առմամբ ազատ արձակվեցին  մոտ 900 դատապարտյալ: Երկու համաներումների հիմնական թիրախները երկրում առկա քաղբանտարկյալներն էին:  Ազատ արձակվածների թիվն 2009 թվականին կազմել է 301, իսկ 2011 թվականի սեպտեմբերի 21-ի դրությամբ ՝ 590 դատապարտյալ:

Թեեւ այս երկու` 2009-ի եւ 2011-ի համաներումների հետևանքով ազատ արձակված մարդկանց քանակի զգալի տարբերությունն աչքի  է զարնում (երկրորդ համաներումով շուրջ 200 մարդով ավելի է ազատ արձակվել), սակայն սա դեռ ոչինչ է 2013 թվականի համեմատությամբ:

Ավելի հստակ ներկայացնելու նպատակով փորձեցինք համեմատել 2009 թ.-ին համաներման հայտարարության մեջ նշված այն հոդվածները, որոնց դեպքում համաներումը չի կիրառվում, 2013 թ.-ին ընդունված նույնատիպ հոդվածների հետ: Այսպիսով պարզ դարձավ, որ գրեթե 4 անգամ նվազել է քրեական հոդվածների քանակը և ծանրությունը, որոնց դեպքում սահմանափակվում է համաներման կիրառումը:

Այժմ համաներում է կիրառվում այնպիսի հանցագործների նկատմամբ, ովքեր դատապարտված են ստորև նշված հոդվածներով: Նշենք, որ այս  կարգի դատապարտյալների ազատ արձակումը բավականին լուրջ վտանգ կարող է հանդիսանալ հանրության համար:

— դատապարտյալները, ովքեր մեղադրվում են անչափահասի առևանգաման, նրա հանդեպ բռնության գործադրման, ինչպես նաև անզգուշությամբ մահ կամ այլ ծանր վնասվածքների պատճառման մեղադրանքով, այժմ համաներման շնորհիվ ավելի շուտ ազատության մեջ կհայտնվեն:

Սա դեռ նվազագույնն է, որի համար իշխանություննները համաներում են հանցագործին: Այժմ համաներումը ազդեցություն ունի այնպիսի մեղադրանքների վրա, ինչպես է  քրեական օրենսգրքի 132 հոդվածը՝ թրաֆիքինգը, շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, թաքցնելը և ստանալը՝ պահելով նրան կյանքի համար վտանգավոր պայմաններում:

Այնուհետև 261 և 262 հոդվածները՝ շահադիտական նպատակներով կազմակերպված  խմբի կողմից այլ անձին պոռնկությամբ զբաղվելուն ներգրավվելը, ՀՀ պետական սահմանը հատելով ակնհայտ հղի կնոջ, անչափահասի նկատմամբ , երկու կամ ավելի անձանց օգտագործելով ՝ անձի տեղափոխման կազմակերպումը:

2009 և 2011 թվականների համաներումների որոշումների մեջ, քրեական օրենսգրքի այս հոդվածներով դատապարտվածներին արգելվում էր գտնվել ազատության մեջ, մինչդեռ 2013 թվականին կտրուկ ավելացնելով համաներման շրջանակները, իշխանությունները որոշեցին, որ այս մարդիկ «իրավունք ունեն» ազատ լինելու և «արժանի են» համաներման: Չնայած, յուրաքանչյուրի համար ավելի քան պարզ է, որ նման հանցագործների` բանտից դուրս գտնվելը լուրջ հանրային վտանգ է  ներկայացնում:

Ինչևէ, սա դեռ ամենը չէ: Համաներման տակ կընկնեն նաև երեխայի առք և վաճառքով զբաղվող, ձերբակալման, կալանավորման վայրից փախուստի դիմած անձինք, ինչպես նաև` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստմամբ, վերամշակմամբ, դրանք ձեռք բերելով, փոխադրելով կամ առաքմամբ զբաղվողները: Համաներումը գործում է նաև ավազակության, երկու հոգու մահվան պատճառ հանդիսացած ավտոճանապարհային խախտման, խոշոր չափերի հասնող գողության իրականացման, անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավվելու մեղադրանքով դատապարտվածների նկատմամբ:

Առանձին  կանգ առնենք քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի  3-րդ մասի վրա, որով դատապարտված է սոցապ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազդեն Խաչիկյանը, ով մեղադրվում է կենսաթոշակների ու նպաստների խոշոր չափի յուրացման և փաստաթղթերի կեղծման մեջ: Համաներումը տարածվում է նաև սույն հոդվածի վրա:

Ակնհայտ է, որ ներկայումս իշխանությունը հետապնդում են միայն մեկ նպատակ, այն է՝ որքան հանարավոր է շուտ գլուխն ազատել հանրային հնչեղություն ձեռք բերած գործերից. մի կողմից` հանգուցալուծում տալ այնպիսի գործերին, ինչպիսիք են ՀԱԿ ակտիվիստների, ազատամարտիկ Վոլոդյա Հովսեփյանի դատավարությունները, մյուս կողմից, ազատ արձակել կամ պատժի թեթեւացում ապահովել տասնյակ այլ գործերով դատապարտված մարդկանց, հիմնականում` նախկին պաշտոնյաների, ինչպիսիք են Մարգար Օհանյանը, Հովհաննես Թամամյանը, Վազգեն Խաչիկյանը, «Հարսնաքարի» գործով անցնողները եւ այլք: 

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ԱԱՊ-ն կրկնում է Հայկական Զարգացման գործակալության ձախողված փորձը’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Չեխիայի նախագահի դստերը տեսել են պոռնո երեկույթում ‘