‘Համաշխարհային բանկը եւս $873 միլիոն վարկ կդրամադրի Հայաստանին’

740

Համաշխարհային բանկի խումբը Հայաստանի հետ գործընկերության 2014-2017թթ. ռազմավարության ծրագրով հաջորդ չորս տարիներին 873 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օժանդակություն կտրամադրի, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին:

Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակն աջակցությունն է Հայաստանի տնտեսության զարգացմանը` մասնավոր սեկտորին եւ աշխատատեղերի ավելացմանը:

ՀԲ խմբի մեջ մտնող Միջազգային զարգացման ընկերակցության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ:

ՀԲ տնօրենների խորհուրդը արձանագրել է, որ Հայաստանը վերջապես հաղթահարել է 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները: Հենրի Քերալիի խոսքով՝ ծրագրի թիրախներից են այն ոլորտները, որոնք ավելի շատ ավելացված արժեք կարող են ապահովել: Մասնավորապես, ըստ նրա, աջակցություն է տրամադրվելու գյուղատնտեսության ոլորտին` ոռոգման ցանցերի բարելավման միջոցով, էլեկտրամատակարարման, առեւտրի, ապրանքների արտահաման ոլորտներին, գյուղական ճանապարհների շինարարությանը, տուրիզմին, կրթական, սոցիալական, առողջապահական ծրագրերին:

Քառամյա ծրագիրը մշակելիս հաշվի է առնվել Հայաստանի մինչեւ 2025թ. զարգացման ազգային ռազմավարությունը:

Վարկի զգալի մասը` 590 մլն դոլար, տրամադրվելու է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (IBRD) կողմից, ընդ որում, այս ֆինանսական տարվա ընթացքում տրամադրվելու է $84,5 միլիոն: 160-190 միլիոն դոլար տրամադրելու է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)` մասնավոր բիզնեսի զարգացմանն աջակցելու նպատակով, եւս 72 միլիոն դոլար բյուջետային միջոցներ են տրամադրվելու Հայաստանի Կառավարությանը Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) կողմից:  

Ընդ որում՝ տարածաշրջանային տնօրենը նշեց, որ ի տարբերություն IDA-ի տրամադրած միջոցների, որոնք բավական արտոնյալ են (վարկը մարվում է 3.0 տարվա ընթացքում, առաջին 5 տարիներին ոչ մի վճարում նախատեսված չէ), IBRD միջոցները ավելի կոշտ Libor+1 պայմաններով են տրամադրվում:

ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հեփին նշեց, որ քառամյա ռազմավարության հիմնական թիրախներից է  նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը եւ կառավարման արդյունավետության բարձրացումը: 

Նախորդ հոդվածը‘Համանախագահների հայտարարությունը՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքներով. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործ. Դատախազը պարտավոր է մեղադրանքը փոխել՝ որակելով այն որպես սպանություն’